Նաիրիտցիները սպասում են վարչապետի արձագանքին

May 16, 2018 Comments Off on Նաիրիտցիները սպասում են վարչապետի արձագանքին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս երկու աշխատակիցների հետ ներկա էր եղել հանդիպմանը, իրենք ներկայացրել են 116 անձի խնդիրը, որոնց աշխատանքային պայմանագիրը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լրացել է և նրանք մնացել են «օդի մեջ»:

«Արդեն 5-րդ ամիսն է, որ այդ մարդկանց ստատուսի հարցը որոշված չէ: Մենք ասացինք, որ հարցը պետք է լուծվի, աշխատավարձի վճարման մեթոդները գտնվի: Խնդրել ենք, որ այդ մարդկանց չթողնեն սնանկության կառավարիչի վրա, որովհետև դա ավտոմատ կնշանակի, որ սնանկության կառավարիչի ֆինանսական բեռը բարձրանալու է, և այն սարքերը, նյութերը, որ հույս ունենք Նաիրիտի վերագործարկման ժամանակ օգտագործել, կառավարիչը ստիպված կլինի վաճառելու, օտարելու՝ պատճառաբանելով աշխատողների աշխատավարձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրաչ Թադևոսյանը:

Նաիրիտցու խոսքով՝ այդ խնդրից խուսափելու համար իրենք առաջարկել են պարտավորությունները թողնել ԱԻՆ-ի վրա, քանի որ գումարը մեծ չէ՝ ամսական 8 միլիոն դրամ: Նրանք վերահաստատել են, որ ակնկալում են «Նաիրիտի» վերագործարկումը: «Մեզ հարցրեցին, թե մյուս խումբը, որ հանդիպել է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, մեզանից առանձի՞ն է գործում, թե՞ ոչ: Ես հստակ նշել եմ, որ առանձին չենք, նույն գործարանի ներկայացուցիչներն ենք: Մենք դե ֆատկո գործարանի աշխատող ենք, իսկ նրանք արդեն 3 տարի ազատված են, բայց բոլորս միասին պայքարել ենք այս ամբողջ ընթացքում»,-հավելեց Հրաչ Թադևոսյանը:Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդրի մասին կզեկուցեն Նիկոլ Փաշինյանին: Հրաչ Թադևոսյանը ավելացրեց, որ կսպասեն նրա արձագանքին, իսկ մինչ այդ կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց ամեն նիստի օր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: