Նիկոլ Փաշինյանի ուլտիմատումն ու առաջին աշխարհաքաղաքական քննությունը

Apr 28, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի ուլտիմատումն ու առաջին աշխարհաքաղաքական քննությունը

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տվել արտասահմանյան լրատվամիջոցների համար: Նա ռուս լրագրողների հարցերին պատասխանել է ռուսերենով, իսկ անգլիալեզուների հարցերին` անգլերենով: Ընդ որում, Հայաստանի թավշյա հեղափոխության առաջնորդը ասուլիսին եկել էր մորուքով և հանրահավաքային հանդերձանքով, սակայն լրագրողի հարցին ի պատըսախան` ասել է, որ դա իր ամենօրյա հանդերձանքը չէ, պատշտոնական միջավայրում հագնվում է պատշաճ:

Սա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի առաջին քննություն էր աշխարհաքաղաքական կենտրոններին, որը նա հանձնեց պատվով: Նա հայտարարել է, որ հեղափոխության վերջնական հաղթանակի դեպքում որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել չի պատրաստվում, որովհետև կարծում է, որ այժմ դրա ժամանակը չէ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ապա ըստ Փաշինյանի` ինքը նախկինում նման բան չի ասել, բացի այդ` ելքը նման կազմակերպություններից միայն հանրաքվեով կարող է  որոշվել: Ըստ Փաշինյանի` Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի: Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների վերաբերյալ հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում. «Հայաստանն այս պահին չունի բավարար քանակությամբ զինուժ, որպեսզի պաշտպանի բոլոր սահմանները, ցավոք, սա իրականությունն է, որևէ հայաստանյան կառավարություն չի կարող խուսափել այս իրականությունից»,- ասել է նա:

Նա կրկնել է, որ սա զուտ հայկական հեղափոխություն է, որևէ արտաքին ուժի միջամտություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա ինքը կարևորում է և’ Ռուսաստանի, և’ Արևմուտքի ու ԱՄՆ-ի, և’ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների սերտացումը, սակայն որևէ հարաբերության զարգացում չի լինելու հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Ինչ վերաբերում է իր պահանջած ժամանակավոր կառավարության ձևավորմանը, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետ է դառնալու  այն անձը, ում հրապարակում կընտրի ժողովուրդը, և չի բացառել, որ հենց ինքն է լինելու ժողովրդի թեկնածուն: Նա բացառել է, որ ժամանակավոր վարչապետի թեկնածուն կլինի ՀՀԿ-ից: Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ անհրաժեշտ է անցկացնել ազատ ընտրություններ և պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, որ կարող է տևել 1-2 ամիս, իսկ մինչ այդ պետք է ժամանակավոր կառավարություն լինի:

Լրագրողներից մեկը հարցրել է, թե հնարավո՞ր է Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ` հաշվի առնելով, որ նա ՀՀԿ թեկնածուն է և համարվում էնաև Մոսկվայի աջակցությունը վայելող կադր, Փաշինյանն ասել է. «Սա հայաստանյան ժողովրդի, հայաստանյան ներքին լուծելիք հարց է, իսկ Ռուսաստանը բարեկամական պետություն է Հայաստանի համար, մենք լավ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ, ու կարծում եմ, Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը»,- հայտարարել է նա: Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, որ Կարեն Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ, եթե անգամ դուրս գա Հանրապետական կուսակցությունից:

Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանի քայլը, եթե խորհրդարանում այս պահին մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը չընտրի Նիկոլ Փաշինյանի ասած ժողովրդի թեկնածուին. «Հեղափոխությունը շարունակվում է, չի կանգնել ու կշարունակվի այնքան, մինչև չհասնենք մեր բոլոր կետերին: Այս ամենը անհավանական էր, շատ-շատերը համոզված էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, սակայն նա տվեց հրաժարական, այս ամենից հետո մյուս կետերն իրագործելն ավելի հեշտ է, քան առաջին կետը: Հիշեցնեմ` երկրորդ կետով ժողովրդի թեկնածուի առաջադրումն է, ով պետք է դառնա վարչապետ, այնուհետ պետք է անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, այս բոլոր կետերը մենք կյանքի ենք կոչելու»,- հայտարարել է Նիկոլ  Փաշինյանը և շեշտել, որ հանրահավաքների դադար չի լինելու:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ուլտիմատում է ներկայացրել ՀՀԿ-ին և պահանջել իշխանությունն ամբողջությամբ և միանգամից: Ասուլիսից կարճ ժամանակ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկատվություն տարածեց, որ ապրիլի 25-ին  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասել էր ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

Ի պատասխան «ՀՀԿ-ն այլ օրակա՞րգ է առաջարկել» հարցին` նա հորդորել էր դիմել ՀՀԿ-ին: Ըստ էության, ՀՀԿ-ն նպատակ է ունեցել Նիկոլ Փաշինյանին առաջարկել ժամանակավոր վարչապետի իր թեկնածուին, ինչը փաստորեն Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվել է միանգամից: Սրանով երկխոսությունը մտնում է փակուղի. Նիկոլ Փաշինյանը սպառնում է հանրահավաքներով, իսկ զարգացումները դառնում են հետաքրքիր: Համենայնդեպս, հանգուցալուծումը դեռ պարզ չէ, և հնարավոր է անգամ, որ բախում լինի: Ամեն դեպքում հրապարակում վարչապետ ընտրելու տարբերակը, որն առաջ է քաշում Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական է և կապ չունի ժողովրդավարության հետ: Այլ հարց, եթե քաղաքական պայմանավորվածության արդյունքում ԱԺ-ն Փաշինյանի ասած համաժողովրդական թեկնածուին ընտրի վարչապետ: Եթե նման պայմանավորվածություն  գործող ԱԺ-ի պայմաններում հնարավոր չէ ձեռք բերել, ապա պետք է շտապ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

 

Կարինե  Սարիբեկյան   

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: