Իշխանությունները դասեր չքաղեցին. ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներին ոստիկանությունը մի քանի օր շարունակ փորձում էր չմիջամտել, անգամ այն բանից հետո, երբ ցուցարարները փակել էին մայրաքաղաքի հիմնական փողոցները` կաթվածահար անելով երթեւկությունը: Բայց երեկ այն բանից հետո, երբ ցուցարարները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հետ փորձեցին բարձրանալ դեպի ԱԺ, ոստիկանները ոչ միայն փակեցին ճանապարհը, այլեւ կարճ ժամանակ անց տեղի ունեցան բախումներ: Ավելին` ոստիկանները հավաքված բազմահազարանոց բազմության վրա ձայնային նռնակներ կիրառեցին` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 հոգու, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների, անգամ իրենց գործընկեր ոստիկանների /ընդ որում, ոստիկանը ոստիկանին մարմնական վնասվածք հասցրեց իրենց մասնագիտական տոնի օրը/: Ու պետք է արձանագրենք, որ իշխանությունների համար այդպես էլ դաս չեղավ տասը տարի առաջ Երեւանի կենտրոնում մարտի 1-ի սպանդը, երբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից՝ «Չերյոմուխա 7»-ից, զոհվեցին մարդիկ: Երեկ նրանք կիրառում էին նույն հատուկ միջոցները եւ մարմնական վնասվածք հասցնում մարդկանց: Ու հիմա ՀՀ գլխավոր դատախազությունը ընդդիմադիրների գործողությունների կապակցությամբ քրեական գործ հարուցելու փոխարեն ճիշտ կաներ` նախ եւ առաջ քննության առարկա դարձներ ոստիկանների արարքը, նրանց օգտագործած հատուկ միջոցների իրավաչափությունն ու գործածման եղանակը: Մեկ փաստ էլ. չնայած մայրաքաղաքում արդեն մի քանի օր է՝ շուրջօրյա ցույցեր են, իսկ երեկ եղան բախումներ, սակայն համառ լռություն է պահպանում ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա որեւէ կերպ չի անդրադարձել այս ամենին, մինչդեռ ոչ վաղ անցյալում Արմեն Սարգսյանը հայտարարել էր. «Փորձելու եմ լինել ոչ միայն խորհրդարանի, այլեւ Հայաստանի քաղաքացիների նախագահը»: Բայց պարզվում է` նա չդիմացավ առաջին իսկ փորձությանը` իրեն դրսեւորելով որպես իշխող մեծամասնության նախագահ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Իշխանությունները դասեր չքաղեցին. ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը”

Մեկնաբանել