Առաջին 5 պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու

Mar 14, 2018 Comments Off on Առաջին 5 պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու: Չնայած պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացված են ՀՀ վարչապետի ձեռքում, և ըստ էության վարչապետն է լինելու պետության իրական ղեկավարը, սակայն «Պետական արարողակարգի մասին» օրենքի նախագծի համաձայն` նա լինելու է երկրի երկրորդ պաշտոնյան:

Առաջին պաշտոնյան համարվում է ՀՀ նախագահը, որը չնայած խիստ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններին` նոր Սահմանադրության համաձայն` պետության գլուխն է համարվում:

Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի իրողության, երբ Արմեն Սարգսյանը չմասնակցի տարբեր պաշտոնական միջոցառումների, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը լինի «առաջին ջութակը»: Մանավանդ օրինագծում հետաքրքիր նրբություն կա. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»:

Ի դեպ, չնայած նախագահն է ստորագրելու միջազգային պայմանագրերը, սակայն օրինագծով նախատեսված է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու վարչապետի ներկայությամբ. այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վերահսկելու է պետության գլխին:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որը շուտով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա նա երրորդ պլան է մղվելու. «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից պարզեց, որ ըստ արարողակարգի` առաջին փոխվարչապետը միայն վեցերորդ պաշտոնյան է լինելու` հաջորդելով ոչ միայն ՍԴ նախագահին, այլև Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ստացվում է՝ պետության համար կարևորություն ներկայացնող և արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: