Խայտառակ տապալում

Mar 10, 2018 Comments Off on Խայտառակ տապալում

Կառավարությունը մարտի 6-ին մասնակի կասեցրեց մարտի 1-ից գործարկված դեղատոմսերով դեղերի վաճառքի համակարգը: Ըստ այդմ` հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկրոբակտերային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից, ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից, իսկ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խոստովանել է, որ  խնդիրներ էին առաջացել, այս պատճառով էլ մի քանի օր առաջ գործարկված համակարգը կասեցվել է: Ի դեպ, առաջացած խնդիրների մասին կառավարության նիստում խոսեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը` չթաքցնելով, որ համակարգի գործարկման առաջին օրը դեղատների դիմացը բժիշկները փողոցում կանգնած դեղատոմսեր են գրել պացիենտների համար և դրանք տեղում վաճառել նրանց վրա: «Որոշակի հաշվարկներով` մենք ունեինք մտավախություն, և առաջին օրվա ընթացքում էդ մտավախությունները հաստատվեցին։ Թեև նախապատրաստական մեծ աշխատանք էր կատարվել, սակայն պրակտիկայում սկսեցին ի հայտ գալ մի շարք խնդիրներ լրացման հետ կապված, հիվանդների հաճախելիության հետ կապված, դեղատներում դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի հետ կապված։ Էդ խնդիրները մենք մոնիթորինգ ենք անում, խնդիրները լուծում ենք և որոշում ենք կայացնում»,- արդարացել է փոխնախարարը։

Մինչ այդ կառավարությունը հայտարարել էր, որ Հայաստանում գրանցված դեղորայքի ավելի քան 60 տոկոսը մարտի 1-ից վաճառվելու է միայն դեղատոմսով, սակայն 6 օր անց Կառավարությունը ետողորմյա արեց և սահմանեց ժամանակացույց, ըստ որի` առայժմ շուկան թողնում են հիմնականում ազատ՝ դեղերի ավելի քան 80 տոկոսը կարելի է գնել առանց դեղատոմսի։ Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ չեն խոստովանում, որ թերացել են, առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը նշել է. «Չգիտեմ` ինչ անեմ․․․ ձեռքս ջարդեք՝ խոստովանեմ. ի՞նչ է նշանակում՝ ինչու չեք խոստովանում»:

Առողջապահության մյուս փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ընդունում է, որ թերություններ ունեցել են․ «Ես կարծում եմ, որ մենք պիտի նաև ընդունենք մեր թերությունները: Երևի թե այն տեղեկատվությունը, որը մենք տվել ենք բուժհաստատություններին, բավարար չի եղել: Ինքը պիտի ավելի շատ թիրախավորված լիներ մեր բնակչությանը, որպեսզի նրանք նաև հասկանային, որ որևիցե խնդիր կամ նյարդայնացման առարկա սա չի կարող հանդիսանալ»:

Եթե մեկ շաբաթվա մեջ նախարարությունը 2 տարբեր կարգեր է սահմանում՝ մեկ կայացնում է որոշում, հետո անձամբ հրաժարվում նախորդ որոշումից, նշանակում է` ի սկզբանե բնակչության համար այդքան կարևոր նշանակություն ունեցող քայլն անելուց առաջ բավարար նախապատրաստական աշխատանք չէր տարվել: Ամիսներ շարունակ մասնագետները, փորձագետները և համապատասխան ՀԿ-ները դժգոհում էին` ասելով, որ համակարգը պատրաստ չէ անցնել դեղատոմսերով վաճառքի, որովհետև, ինչպես հետո պարզվեց, էլեկտրոնային դեղատմոսերի համակարգը դեռ ներդրված չէ, սակայն առողջապահության նախարարությունը մնաց անդրդվելի: Տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունում չգիտեին, թե որն է իրենց հստակ նպատակը, քայլերի հաջորդականությունը և ի վերջո ինչ արդյունք են ուզում ստանալ: Թե ինչ էին ուզում ստանալ, դեռ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ստացան ռեֆորմի տապալում` կոռուպցիայի նոր օղակ և մեր համաքաղաքացիների առանց այդ էլ ջլատված նյարդերի նոր ջլատում:

 

  Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: