Երեւանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ Ալիևի տխրահռչակ հայտարարությունը եւս մեկ հեքիաթ էր. Վլադիմիր Կազիմիրով

Mar 07, 2018 Comments Off on Երեւանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ Ալիևի տխրահռչակ հայտարարությունը եւս մեկ հեքիաթ էր. Վլադիմիր Կազիմիրով

Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Այդ հայտարարությունները պետք է առանձին հավաքագրվեն հետագայում պատմական տարօրինակությունների եւ հումորների գիրք հրատարակելու համար: Մի՞թե չկան նման հրատարակչություններ, որոնք կկարողանային դրանք հավաքել եւ հրապարակային դարձնել ղարաբաղյան հակամարտության վերջին տասնամյակում հնչած մտքերի նման անգին հավաքածուն, ասենք Հեյդար Ալիեւից հետո: Չէ՞ որ այն եզակի ընթերցանություն կապահովեր: Մեր դարում հեշտ չէ ունենալ նման հավաքածու այլ երկրներում: Ոչ այլ ոք, քան հենց Պաշտպանության նախարարությունը պետք է իմանա, որ պատերազմը մեր օրերում այն չէ, ինչ նախորդ դարի վերջերին, եւ այդ կապակցությամբ զգուշորեն է պետք կատակել: Իսկ Երեւանի «վերադարձի» մասին տխրահռչակ հայտարարությունը եւս մեկ հեքիաթ էր»,-նշեց նա:
Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ՝ նրանք, ովքեր սպառնում են պատերազմով, չեն կարող չգիտակցել, որ Ադրբեջանի ներքին դրությունը այդքան էլ չի համապատասխանում այդ երեւակայություներին եւ արկածախնդրություններին: Նա նշեց, որ, բնականաբար, ավելի իրատեսական է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը, որը լիովին հասանելի է ուժի կիրառումից լրջորեն հրաժարվելու դեպքում, եթե դրան էլ գումարվեն միջազգային հստակ երաշխիքները:

«Միգուցե ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու չէ առանց արյան տարբերակը. չէի ցանկանա դրան հավատալ: Սա պարզապես խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ ցուցադրական հայրենասիրությամբ, սիստեմատիկ բացականչություններով, իշխանության պահպանման համար իրականացվող գործողություններով: Արդեն ժամանակն է նախօրոք մտածել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արձագանքի մասին եւ ոչ միայն հենց համանախագահների: Իրականում պաշտոնական Բաքուն իր բարձրաձայն սպառնալիքներով եւ երեւակայություններով ավելի է ձգում իր համար հակամարտության լուծման ոչ շահավետ տարբերակը՝ փոխանցելով այն նոր սերունդներին»,-եզրափակեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: