Խայտառակ մեկնարկ

Feb 24, 2018 Comments Off on Խայտառակ մեկնարկ

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամի պաշտոններում առաջադրել են իրենց թեկնածուներին: ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, առաջին պաշտոնում առաջադրել են Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Մեղրյանին: Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունից հետո եւ նոր Սահմանադրությամբ դատավորների նոր միություն է ստեղծվել, որը կոչվում է Բարձրագույն դատական խորհուրդ:Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, որից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Մյուս 5-ին ընտրում է Ազգային Ժողովը: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհուրդը լիազորված է հաստատել դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները, Հանրապետության Նախագահին ներկայացնել նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, համապատասխան դատարանների դատավորների թվից ընտրել և Հանրապետության Նախագահին ներկայացնել նշանակման ենթակա դատարանների նախագահների թեկնածությունները, Հանրապետության Նախագահին ներկայացնել առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, Ազգային ժողովին առաջարկել Վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների թեկնածությունները, օրենքով նախատեսված դեպքերում լուծել դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու կամ փոխադրելու հարցը, համաձայնություն տալ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ, դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, դադարեցնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների լիազորությունները, եզրակացություն է տալիս Վճռաբեկ դա֊տա֊րանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ, մշակել իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, վերահսկել դատարանների բյուջետային միջոցների օգտագործումը: Բարձրագույն դատական խորհրդին օրենքով կարող են վերապահվել նաև իր սահմանադրական կարգավիճակով պայմանավորված այլ լիազորություններ: Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է որոշումներ` խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Խորհուրդը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը ավելին, քան արդարադատության խորհուրդն էր, սակայն ներկայացված թեկնածուներից ոմանց անցած ճանապարհը հօդս է ցնդեցնում այդ ակնկալիքները։ Խոսքը, մասնավորապես, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի մասին է, ում արդեն լրատվամիջոցները բացահայտեցին։ Մելիքջանյանը խորհրդարանական ընտրություններում Իջևանի տարածաշրջանում «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուն էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։Համացանցում պտտվում է Լիպարիտ Մելիքջանյանի նախընտրական ուղերձը, որտեղ նա քննադատում է իշխանությունների ապօրինությունները,խոսում կոռուպցիայի մասին , իշխանության վարած քաղաքականությունը համարում «հակաազգային»։ Իսկ ամենաուշագրավ պահն այն է, որ Մելիքջանյանը պարծենում էր, որ իրեն հեռու է պահել գործող իշխանությունների կողմից որևէ պաշտոն ստանձնելու գայթակղությունից, քանի որ անաչառ աշխատել հնարավոր չէ ազատ քաղաքական կամքի բացակայության պայմաններում․«Այս իշխանություններից ազատվելը դարձել է անհետաձգելի քայլ» եզրափակում է նա իր ուղերձում։ Կարծում ենք, որ սրանով ամեն ինչ ասված է, նման թեկնածուն չի կարող անաչառ որոշումներ ընդունել, ինչին կոչված է այդ մարմինը։ Սա դեռեւս մեկ թեկնածուի դեմքն է, այն էլ ընդդիմադիր, իսկ մյուսների մասին խոսելը թերեւս ավելորդ է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: