Կգա՞ Ալիևի «գլխից բռնելու» ժամանակը

Feb 25, 2018 Comments Off on Կգա՞ Ալիևի «գլխից բռնելու» ժամանակը

Ալիևի աղմկահարույց՝ Երևան ու Զանգեզուր՝ «ադրբեջանցիների պատմական հողեր վերադառնալու» մասին ելույթից հետո առաջինը Մոսկվան՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով անդրադարձավ նշյալ հայտարարությանը, այն կարգավորման համար անտեղին գնահատելով:

Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը: Հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարություններին, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլև վտանգում են Հայաստանի գոյությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք կերպով հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լուծմանը: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին բարեխիղճ աշխատել այս հարցում, մասնավորապես, ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են սրել լարվածությունը»:

Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից և որոշակիորեն նաև ԱՄՆ-ից արդեն կա դիրքորոշում: Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Կարևոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով», – նշել է ամերիկացի դիվանագետը:

Որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների հայտարարությունները շարունակում են բալանսավորված մնալ և չեն մատնանշում Ադրբեջանին որպես ղարաբաղյան բանակցային գործընթացը տապալող, սադրանքներ հրահրող և ռազմատենչ հռետորաբանությամբ պատերազմի քարոզչություն տանող, այնուամենայնիվ, այս երկրները որոշեցին արձագանքել Ալիևին, ինչը, թերևս, նյարդայնացնում է Բաքվին:

Բաքուն էլ կամաց-կամաց գտնում է պատճառներ պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին: Ադրբեջանը կոչ է արել Փարիզին` չսատարել Արցախին: Ֆրանսիային և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին պետք է լրջորեն մտահոգեն Հայաստանի անօրինական գործողությունները, ներառյալ օկուպացված տարածքների ժողովրդագրական կազմի փոփոխությունը և ադրբեջանական ժողովրդի նյութական-մշակութային հուշարձանների և հոգևոր ժառանգության ոչնչացումը: Այս մասին ասվում է փետրվարի 8-ին Իլհամ Ալիևի ելույթի` Ֆրանսիայի ԱԳՆ-ի քննադատության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունում:

Բաքուն, պարզվում է, անհանգստացած է Ֆրանսիայի տարածաշրջանների և Ղարաբաղի անօրինական ռեժիմի միջև կապերի հաստատմամբ` ի հակառակ Ֆրանսիայի ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի շրջաբերականի և Փարիզի կարգավիճակի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի:

Բաքվին, իհարկե, մշտապես են նյարդայնացրել Արցախ եվրոպական երկրների ներկայացուցիչների՝ քաղաքական գործիչներից մինչև լրագրողների, այցերը:

Շատ ավելի կարևոր է, սակայն, որպեսզի հայկական դիվանագիտությունը հասնի նրան, որ Հայաստանի գործընկեր պետություններից, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից հնչեն: Այլ կերպ ասած՝ պետք է Ալիևի «գլխից բռնել»:

Հակառակ դեպքում, գնալ բանակցությունների, ապա վերադառնալ ու լսել, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ Ալիևի հերթական «զառանցանքը», արդեն տրամաբանության ու բանականության բոլոր սահմաններից դուրս է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: