«Մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան». ինչ է կատարվել Մասիսի բժշկական կենտրոնում

Feb 06, 2018 Comments Off on «Մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան». ինչ է կատարվել Մասիսի բժշկական կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է. Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել: «Սխալ ախտորոշում է եղել, տնօրենը մեզ հրահանգել է դիմում գրել և գործից դուրս գալ: Մի քանի հոգու անփույթ աշխատանքի պատճառով մենք առանց աշխատանք ենք մնում՝ ամենուր թանկացումներ են և գործազրկություն»,– վրդովվեց մեր աղբյուրը: Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի տնօրենի հետ: Աշխատանքից հեռացման հարցը լսելուն պես արձագանքեց. «Ինչի՞, տնօրենն աննորմա՞լ է, որ ամբողջ լաբորատորիայի աշխատակիցներին գործից ազատի»: Նրա խոսքով՝ մարդն ինչպես կվերաբերվի այն փաստին, որ անալիզի պատասխանները մոտավոր գրվեն: «8 ամիս է՝ ես այդ մասին նրանց անընդհատ զգուշացրել եմ, որ նման բան չանեն: Ես զգացել եմ, որ պատասխանները սխալ են»,– ասաց նա: Նունե Ավանեսյանը 8 ամիս է՝ բժշկական հաստատություն է ղեկավարում: Համոզվելու համար, որ աշխատակիցները անալիզի պատասխանները ճի՞շտ են հայտնում, փորձ է կատարել: «Իմ երկու երակները կապտած են: Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան, դա ճի՞շտ է»,– հարց բարձրացրեց տնօրենը: Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողներին չի հրահանգել հեռացման դիմում գրել: Տնօրենի պնդմամբ՝ աշխատակիցները հասկացել են իրենց սխալը և աշխատանքից հեռանալու որոշում կայացրել: «Ես ասել եմ՝ դուք չեք կարողանում աշխատել»,– նշեց նա: Մոտ 8 աշխատող սեփական կամքով ազատման դիմում է գրել: Կան մարդիկ, որոնք ծանուցումներ են ստացել: Լաբորատորիան այստեղ 15–16 աշխատող ունի: «Դեռ չենք որոշել, որ մեկն է մեղավոր: Մի քանի հոգի պարտաճանաչ աշխատողներ կլինեն»,– ասաց Ավանեսյանը: Նա նաև մտավախություն ունի, որ տեղի ունեցածի մասին բարձրաձայնումը հիվանդանոցի վարկանիշի վրա կազդի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: