Ռուբեն Հայրապետյանը՝ Սարյան պուրակի հետ առնչություն ունենալու մասին.ՀԺ

Feb 05, 2018 Comments Off on Ռուբեն Հայրապետյանը՝ Սարյան պուրակի հետ առնչություն ունենալու մասին.ՀԺ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կապ չունեն Երեւան քաղաքի Սարյան պուրակի վարձակալման հետ: Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ին պարզաբանում է ուղարկել, որում ասված է.

«Հայկական ժամանակ» օրաթերթում 03.02.2018թ. եւ «Armtimes.com» կայքում 04.02.2018թ. հրապարակված «Տարոն Մարգարյանը վերանայել է իր որոշումը՝ հանուն Ռուբեն Հայրապետյանի ծրագրերի» նյութի հետ կապված հայտարարում եմ, որ ես կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը առնչություն չունի Սարյանի պուրակի վարձակալության հետ»:

Մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել է իր նախկին որոշումներից մեկը եւ խզել է «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Ընկերության տնօրենը մտավախություն էր հայտնել, որ տարիներ շարունակ իր կողմից վարձակալված տարածքը ցանկանում են խլել իրենից, իսկ նկարների բացօթյա վաճառքը վտանգի տակ է:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, պուրակը վարձակալելու մտադրություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Պուրակի վերջնամասում՝ Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման մասում տեղակայված երկհարկանի շինության առաջին հարկը պատկանում է Հայրապետյանին, սակայն ձեւակերպված է մորաքրոջ որդու՝ Արայիկի անունով: Շենքի երկրորդ հարկը պատկանում է «Վիվարո» ընկերությանը: Երկհարկանի շինության ետնամասը Սարյանի պուրակի մեջ է գտնվում եւ շատ հարմար է դեպի պուրակ ընդլայնվելու համար: Որոշ տեղեկություններով, շինության առաջին հարկը տարիներ առաջ գրավադրված է եղել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ADB» բանկում, որից հետո դարձել է Հայրապետյանի սեփականությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: