Հները «սկում» են, նորերը՝ «թրփոշանում»

Feb 06, 2018 Comments Off on Հները «սկում» են, նորերը՝ «թրփոշանում»

Օրերս ՊԵԿ-ի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում բջջային կապի օպերատորները կրկին անկում են արձանագրել:

Անցել են այն երանելի ժամանակները, երբ Հայաստանի բջջային կապի օպերատորներից առնվազն երկուսը ընդգրկված էին լինում խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Այսօր նրանցից որևէ մեկը խոշորների ցուցակի առաջին տասնյակում չկա:

Հարկային մուծումների ծավալով կապի ոլորտի վերջին տարիների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը 2017 թվականի ապրիլից փոխել է ընկերության անունը և հանդես է գալիս «ՄՏՍ Հայաստան» բրենդի ներքո, էականորեն նվազեցրել է հարկային վճարումները: Ընկերությունը 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարել է 9,2 մլրդ դրամ, որով նա հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի ընդամենը 13-րդ հորիզոնականում: Նախորդ տարվա համեմատ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դիրքերը կրկնակի վատացել են. 2016-ին դեռևս «Ղ-Տելեկոմ» ընկերության անունից հանդես եկող Վիվասել-ՄՏՍ վեցերորդ հորիզոնականում էր գտնվում և պետական բյուջե էր վճարել 12 մլրդ 813 մլն դրամի հարկ: 2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 18 մլրդ 628 մլն դրամ էր վճարել. փաստացի երկու տարվա ընթացքում շուրջ 9 մլրդ դրամով և մոտ կրկնակի ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարկերը անկում են ապրել:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն՝ Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունը, որն նախկինում «Արմենիա տելեֆոն կոմպանի» անունով էր հանդես գալիս, 2017-ին պետական բյուջե վճարել է 8,7 մլրդ դրամ՝ 2016 թվականի 12 մլրդ 425 մլն դրամի դիմաց: Ընկերությունն այս տարի զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 7-րդ հորիզոնականի փոխարեն: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն պետական բյուջե վճարել էր 15 մլրդ 466 մլն դրամ, այսինքն՝ Beeline-ի հարկերը երկու տարում նվազել են մոտ 6,8 մլրդ դրամով կամ 43 տոկոսով:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը, որը  ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 6 մլրդ դրամ հարկ և հայտնվել խոշորների ղուցակի (19-րդ հորիզոնականում: Ի տարբերություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Beeline-ի՝ Յուքումի հարկերը աճել են. 2017 թ. ընկերությունը, նախորդ տարվա համեմատ, 14,4%-ով ավելի հարկ է վճարել պետությանը և գերազանցում է 2016թ. ցուցանիշը:

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը, 2017 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել շուրջ 23,9 մլրդ դրամի հարկ, ինչը 21,7%-ով զիջում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշին:

1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել նաև ինտերնետ մատակարարումներ կատարող «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» ընկերությունը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այդ ընկերության բաժնետերերից է նաևՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, ով մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը եղել է «ՋԻԷՆՍԻԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Այժմ այս ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում 163-րդ տեղն է գրավում՝ պետական բյուջե վճարած շուրջ 880,9 մլն դրամ հարկային վճարով: Նախորդ տարվա համեմատ աճը 40,5% է կազմում: Փաստացի ստացվում է՝ կապի ոլորտում հների գործերը վատացել են, նորերինը՝ լավացել:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 807,4 մլրդ դրամի հարկ, ինչը 12,7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: