Առաջ-առաջ ենք ասում՝ ետ-ետ ենք գնում

Feb 05, 2018 Comments Off on Առաջ-առաջ ենք ասում՝ ետ-ետ ենք գնում

«Տնտեսական ազատության ինդեքս 2018» վարկանշային ցուցակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 44 հորիզոնականը: Վարկանշային ցուցակը հրապարակել է ամերիկյան «Heritage Foundation» կենտորնը։ Համաձայն ուսումնասիրության՝ Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 68,7 միավոր։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը: Նախորդ տարվա արդյունքը պատմական էր Հայաստանի համար՝ բարելավումը 2016-ի համեմատ եղել է միանգամից 21 տեղով:  

2018 թվականի վարկանիշը նվազել է 1,6 կետով «կապված ֆինանսական վիճակի կտրուկ անկման եւ ներդրումների ու աշխատանքի ազատության ցածր ցուցանիշների, ինչպես նաեւ դատական համակարգի արդյունավետության եւ դրամական ազատության ոլորտում համեստ բարելավումների հետ»։

Հայաստանը Եվրոպայում 44 երկրների շարքում զբաղեցրել է 20-րդ տեղը, նրա ընդհանուր միավորը տարածաշրջանային նորմից մի փոքր ցածր է, բայց զգալիորեն գերազանցում է աշխարհի մակարդակով միջին ցուցանիշները: Մինչդեռ անցյալ տարի Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում էր 19-րդ տեղը՝ միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:

Կենտրոնի փորձագետները նշում են, որ Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, նեղ արտահանման բազան եւ մենաշնորհը բիզնեսի կարեւոր ոլորտներում երկիրը խոցելի են դարձրել համաշխարհային շուկայում իրավիճակի վատթարացման եւ Ռուսաստանի տնտեսական խնդիրների նկատմամբ։ Բացի այդ՝ նշվում է, որ համեստ դիվերսիֆիկացիան հանգեցրել է տնտեսական դինամիկայի աճին, իսկ տասնամյակներ շարունակ ուժեղ տնտեսական աճը հանգեցրել է աղքատության եւ գործազրկության նվազմանը:

Բիզնես ընթացակարգերի պարզեցումը նպաստել է կարգավորման արդյունավետության բարձրացմանը, բայց չնայած կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթացին՝ իշխանության չարաշահումը եւ նեպոտիզմը շարունակում են խնդիրներ լինել։ Տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ)՝ տարածաշրջանի երկրների շարքում Ադրբեջանը 67-րդ տեղում է, Թուրքիան 58-րդ,  Իրանը 156-րդ: Այսինքն՝ Հայաստանի դիրքերն ավելի նպաստավոր են, քան  մերձավոր հարևաններինը: Տնտեսական ազատության ինդեքսով՝ Տարածաշրջանի երկրներից, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը համարվել է աշխարհի 16-րդ ազատ տնտեսությունը:

Ամեն դեպքում, սինգապուրյան մոդելի ներդրման մասին մեծամեծ ճառեր ասող Հայաստանի կառավարության աշխատանքի արդյունքը բացասական է. փաստորեն, Հայաստանի տնտեսական միջավայրի գրավչությունը, առաջ գնալու փոխարեն, ետ է գնացել: Մենք իրավունք չունենք ինքներս մեզ հուսադրել, թե Թուրքիայի և Ադրբեջանի համեմատ լավ դիրքերում ենք. դա մխիթարություն չէ: Մեզ համար լուրջ խնդիր է, որ մենք այդպես էլ չենք կարողանում հասնել Վրաստանի տնտեսական ազատության ցուցանիշներին: Նաև դա է պատճառը, որ անգամ հայ գործարարները գերադասում են, Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, գործ դնել Վրաստանում: Հայաստանի կառավարությունը պարտավոր է լուրջ մտածել այս մասին:

 

  Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: