Հանո՞ւն, թե՞ ընդդեմ դատավորների

Feb 03, 2018 Comments Off on Հանո՞ւն, թե՞ ընդդեմ դատավորների

Հայաստանում կարգապահական վարույթ կհարուցվի այն դատավորների նկատմամբ, որոնց մեղքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռ կկայացնի: Այս դրույթը նախկին Գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի առաջարկով ներառվել է Դատական օրենսգրքի նախագծում, որն ընդունվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին կառավարության առաջարկությունը բխում է Սահմանադրությունից։ Առաջարկվում է ընդհանրապես պատասխանատվության ենթարկել այն դատավորին, ով արդարադատություն իրականացնելիս թույլ է տալիս նյութական և դատավարական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտում։

Գևորգ Կոստանյանի պարզաբանմամբ՝ ինքնին միջազգային դատարանի որոշումը հիմք չէ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար. «Բայց դա կարող է առնվազն հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»: Կայացրած սեփական վճիռների համար պատասխանատվություն կրելու խնդիրը մեր իրականության մեջ վաղուց է հասունացած և օրենսդրական լուծումն այս առումով գուցե անգամ ուշացած է: Վերջին մի քանի տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, ի վնաս ՀՀ-ի, բավականին թվով դատական վճիռներ են կայացվել, որոնց հետևանքով պետական բյուջեից բավականին լուրջ գումարներ են հատուցվել ՄԻԵԴ դիմած և ընդդեմ ՀՀ-ի դատական գործեր շահած մեր համաքաղաքացիներին: Միանշանակ դժվար է ասել, որ կարգապահական վարույթը՝ որպես վերահսկողական մեխանիզմ, կարող է փոխհատուցել Հայաստանի պետական բյուջեին այս մասով հասցված վնասները: Եվրոպական դատարանի նշանակած տուգանքը անհամեմատ մեծ են, համադրելի չեն Հայաստանի դատավորների ստացած պաշտոնական եկամուտների հետ, ուստի և համարժեք տուգանքի նշանակումը իրատեսական չէ: Սակայն կարգապահական վարույթի հարուցումը՝ որպես դատավորի վարկանշային գործիք, կարող է արդյունավետ լինել: Այս մոտեցումը, ի դեպ, առաջին հերթին բխում է դատավորների շահերից: Գաղտնիք չէ, որ դատավորները, որքան էլ որ որոշումներ կայացնեն, պետք է ազատ լինեն և առաջնորդվեն բացառապես օրենքի շահից ելնելով, շատ դեպքերում ստիպված են տուրք տալ տարատեսակ ճնշումներին և որոշումներ կայացնել ազդեցիկ պաշտոնյայի շահերից ելնելով: Համակարգը կառուցված է այնպիսի կանոնների վրա, որ դատավորները շատ դեպքերում, եթե անգամ չեն էլ ուզում, սակայն չեն կարողանում անկողմնակալ գործել:

Այս տեսանկյունից կարգապահական վարույթների հարուցման անհրաժեշտությունը կարող է նրանց ավելի իրավատեր և ինքնուրույն դարձնել՝ իշխանական հիերարխիայում ապահովելով հավասար արդարադատության երաշխիքներ: Դատավորների համար սա շատ լավ տարբերակ է՝ իրենց նկատմամբ կիրառվող լծակները շրջանցելու և ավելի ազատ ու անկաշկանդ զգալու, ընտրովի արդարադատության արատավոր համակարգից դուրս գալու համար:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: