Օղակը սեղմվում է, իսկ Վիգեն Սարգսյանը «կախվում փրփուրներից»

Jan 31, 2018 Comments Off on Օղակը սեղմվում է, իսկ Վիգեն Սարգսյանը «կախվում փրփուրներից»

 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է:  Տարեմուտին Խաչքավոր դառնալուց հետո էլ նա չմաքրվեց այն կեղտից, որը կպել էր տարկետման աղմկահարույց օրենքի, 1000դրամների նախաձեռնության ու այլ աղմկոտ ձեռնարկների  տեսքով: Ավելին, Վիգեն Սարգսյանը նոր տիղմի մեջ մխրճվեց, երբ որոշեց խաչքավորի դերում բարեգործության մղվել եւ վիրավոր զինվորի համար ֆեյսբուքում դրամահավաքություն անել: Փող ուզելու համար նրան մեղադրեցին բոշության մեջ, իսկ նա հակադարձեց` Բոշան դուք եք։ Մրից դուրս է գալիս մրջուրն ընկնում մեր ջահել-ջիվան, եվրոպաներում ուսանած ինտիլիգենտի համբավ վաստակած նախարարը, դա քիչ է, հիմա էլ գեներալիտետն է նրան դեմ դուրս եկել: Այն պահից, երբ լուր տարածվեց, թե նախարարը իր գետնին հավասարված պատիվը փրկելու գործի է անցել, զուգահեռ սկսեցին խոսել, թե գեներալիտետը նախարարին փոխելու սխոդկաներ է սկսել: Շաբաթներ առաջ մամուլին հայտնի էր դարձել, որ Պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ ՊՆ համարներով  երթևեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները և առանձին բաժնի պետերը:

Հրահանգել է իջել նաեւ արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերը պարտադիր կերպով  ուղարկել հասցեատերերին, ինչը նախկինում այդպես չէր: ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք: Քանի որ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել և տուգանել, բացի այդ` ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաև տեսախցիկների արձանագրած խախտումների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ապրիլյան պատերազմից հետո  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից հետ են վերցրել ՊՆ համարանիշները: Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլք: Սեյրան Սարոյանը Armlur.am լրատվականի հետ զրույցում հաստատել է լուրը, ասելով, որ այդ համարներն իրենց <<եսիմ ինչ>> .<<Մենք մեր համարներն ունենք, դրանով մենակ դիրքեր ենք գնացե:…Սաղ մեր համարներն են ոզում դնեն, որ լավ զգան, մենք ինչ ենք անում էդ համարներ>>,-ասել է գեներալը: Սեյրան Սարոյանը ըստ էության գաղտնիք չի բացահայտել, Հայաստանն այնքան փոքր է, որ ցանկացածի ճանաչում են մեքենաների համարներով, այնպես որ չլինեն ՊՆ համարանիշները, մեկ ուրիշով կերթեւեկեն, միեւնույն է իշխանության արտոնյալ շերտը կուզի կվճարի տուգանքները, չի ուզի, դրանք <<ջրելու>> հազար տարբերակ կա: Այնպես որ Վիգեն Սարգսյանի քայլը անշրջելի խիզախություն չէ: Նա բանակից գողացածների տեղը լավ գիտի, այ եթե բռնի այդ գողերի ձեռքը, եթե պատժի ոճրագործ սպաներին, որոնք տասնյակ զինվորների են վիրավորել ու նույն այդ զինվորների համար նախարարը ստիպված բոշության է դիմում, գումար մուրում, եթե պարզի բանակի գեներալների ֆինանսական հոսքերի աղբյուրը, թե ինչպես է ստացվում, որ ՊՆ գեներալը  մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն ունի ու դրա վերելակի համար կարողանում է 70 հազար դոլար ծախսել, իսկ ՊՆ-ում վիրավոր զինվորի համար դրա կեսը չի գտնվում:

Եւ ահա, նման պոպուլիստ նախարարի դեմ  չէր կարող գեներալիտետը  ներքին ընդվզում չունենար: Երկու շաբաթ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, հավաքվել են , քննարկել պաշտպանության նախարարի պաշտոնում Տավիթ Տոնոյանի թեկնածությունը առաջ մղելու համար: Ուշագրավ է, որ բանակի տոնի օրը գեներալ Մանվելը ըստ էության չի հերքել այդ լուրը:
«Ինչի՞ եք մուֆտա շառով տալի մարդուն, Դավիթ Տոնոյանը պրիչոմ»,- եղավ նրա առաջին արձագանքը, որն ավելի շատ հիշեցնում էր պաշտպանական ակցիա հանուն Տոնոյանի: Մինչդեռ գեներալիտետը մշտապես բուռն աջակցություն է ցուցաբերել պաշտպանության բոլոր նախարարներին: ԱԺ պատգամավոր գեներալը սահուն շրջանցել է հարցը՝ տանելով բոլորովին այլ դաշտ՝ ասելով, թե ամոթ է նման հարց քննարկելը, երբ երկրում այսօր նախագահի թեկնածուի հարց է քննարկվում: Ակնհայտ է, որ նախարարի շուրջ օղակը սեղմվում է, իսկ ինքը փրփուրներից է կախվում՝ պատիվը փրկելու աննշմար քայլերի գնալով:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: