Մակրոնի ղարաբաղյան ակնարկները

Jan 26, 2018 Comments Off on Մակրոնի ղարաբաղյան ակնարկները

Երեկ Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահը հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպման արդյունքով հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․

«Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:

Քննարկվել է ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ «Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում», ասել է Ս.Սարգսյանը՝ հավելելով. Իհարկե, մեր քննարկման կարևոր թեմաներից էր 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար»:

Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, թե «Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին», հավելելով՝ ինքը շատ է կարևորում ֆրանսահայության դերը Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում: Մակրոնն իր խոսքում ասել է նաև, որ Ֆրանսիայում այս տարի նշվելու է Հայաստանի առաջին հանրապետության կողմից անկախության հռչակման 100-ամյակը: Այդ միջոցառմանը մասնակցելու է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Անդրադառնալով ԼՂ-ի խնդրին, Մակրոնն ասել է, որ այն սառեցված չէ և կարող է կարգավորվել ներգրավված կողմերի ջանքերով, ու Ֆրանսիան էլ իր հերթին հետամուտ է լինելու կարգավորմանը. «Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը հաստատեցի, որ մեզ համար կարևոր է հակամարտության կարգավորման հարցում լուծում գտնելը: Դա պետք է լինի երկու երկրների միջև համարձակ փոխզիջում»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այն բանակցությունները, որոնք սկսել են Ժնևում, մյուս բոլոր հանդիպումները՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով, ունեն կարևոր դերակատարություն: Ֆրանսիայի նախագահը կարևորել է Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունները. «Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, և ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»:

Սերժ Սարգսյանը Փարիզում, ըստ էության, վերահաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, այն է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Նա Փարիզից բարձրաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության համար, «ինքնորոշման համար և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:

Կարևոր է հանգամանքը, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետություն, կարևորել է հետապրիլյան բանակցություններում պայմանավորվածությունների կատարումը: Սա նշանակում է, որ Փարիզը ևս, Ադրբեջանի ուղղությամբ որոշակի աշխատանքներ, թերևս, կտանի:

Ընդհանուր առմամբ՝ ԼՂ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները համահունչ են հայկական կողմի դիրքորոշման հետ՝ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի և լարվածությունը շփման գծում, պատերազմի քարոզչությունն ու ռազմական գործողությունները դատապարտելի են:

Իսկ թե Փարիզը կփորձի՞ ԼՂ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դերակատարում ստանձնել՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, երեկ Ֆրանսիայի նախագահն արձանագրել է, որ իր երկիրը հետամուտ է լինելու ԼՂ խնդրի կարգավորմանը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: