Կարեն Կարապետյանը խոսել է խոշոր տապալումների մասին

Jan 24, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը խոսել է խոշոր տապալումների մասին

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ այժմ երկրում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում. «Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր հիմնական նպատակներից է՝ առավետագույն հարմարավետ պայմաններ ստեղծել երկրում բիզնես իրականացնելու համար: Կարող եմ վստահեցնել, որ այժմ լավագույն ժամանակն է՝ Հայաստանում բիզնես անելու համար»,- հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:  Ի հավաստումն Կարեն Կարապետյանը բարձր նոտայով խոսել է ներդրումային մի քանի ծրագրերի մասին: Նա մատնանշել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀՀ-ում 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, մայրաքաղաքում նոր բնակարանային համալիրի կառուցումը, Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցման ծրագիրը, որտեղ, բացի բնակարանային համալիրից, կտեղակայվեն հյուրանոցներ, նկարչական խմբակների ու ազգային արհեստների սրահներ, «Գյումրիի պատմական հատվածում իրականացվում է «Կումայրի» արգելոց-թաղամասի վերականգնման ծրագիրը, հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերը,  օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունները, որոնց արտադրությունն ունի մեծ պահանջարկ, ալկոհոլային խմիչքների արտադրանքը և այլն:

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այս բոլոր ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարտահայտվի աստիճանաբար և սոցիալական ու տնտեսական փոփոխություններին նոր դրական ազդակ կհաղորդի, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում որպես երկրի, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես իրականացնել: Իրականում, սակայն, Կարեն Կարապետյանը խոսել է խոշոր տապալումների և բլեֆի վրա հիմնված ներդրումային փուչիկի մասին: Նրա մատնանշած ծրագրերից ամենախոշորը՝ «Տաշիր» ընկերության 900 մլն դոլարի ներդրումը, ընդամենը վարկային միջոցների ներգրավում է, որով նախատեսվում է էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և առևտրային էներգետիկայի հաշվառման ուղղությամբ ավտոմատ համակարգի ներդրում իրականացնել: «Տաշիր»-ի կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային հաջորդ ծրագիրը՝ Շնողի 200 մլն դոլար արժողությամբ ՀԷԿ-ի կառուցումը, որի մասին նույնպես խոսել է Կարեն Կարապետյանը, դարձյալ վարկային միջոցների ներգրավման արդյունք է: Ընդ որում, այս բոլոր վարկային միջոցները «Տաշիրն» ստացել է պետության համաձայնությամբ և երաշխիքով, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը իր ողջ գույքով պատասխանատվություն  է կրում միջազգային բանկերի առջև, եթե հանկարծ ընկերությունը չկարողանա ապահովել վարկային միջոցների վերադարձելիությունը:

Հաջորդ ներդրումային «հսկան»՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը ևս վարկային միջոցներով է կառուցվում, անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարելի հաջողված համարել: Նորակառույց ճանապարհը, որը միջազգային բոլոր ստանդարտներին արժեքով գերազանցել է, արդեն տեղ-տեղ քայքայված է: Առանձին հատվածներում Հյուսիս-հարավ ճանապարհի 1 մետր քառակուսու արժեքը հասնում է մինչև 1000 դոլարի, որը չլսված գին է: Նախագծի ժամկետը արդեն մի քանի անգամ հետաձգվել է, այստեղ կան կոռուպցիոն ռիսկերի լուրջ կասկածներ, և այս մասին տեղական ԶԼՄ-ները վաղուց գրել են: Բայց վարչապետը սա ներկայացնում է որպես հաջողության պատմություն:

Դե իսկ մնացած ծրագրերը շարքային ծրագրեր են, որով աննախդեպ հաջողությունը կամ արդյունքները դեռևս ժամանակի քննությունը չեն էլ բռնել: Փոխարենը Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը ուժի մեջ է մտել ընդամենը աս տարվա հունվարի 1-ից, և որի մշակումը մի քանի տարի է տևել, բիզնես շրջանակներում լուրջ դժգոհության տեղիք է տվել: Բոլոր ներդրողները խիստ դժգոհ են նոր շահաբաժինների հարկից, որը նոր հարկատեսակ է և ենթադրում է սեփականատիրոջ ստացած զուտ եկամուտից 5 տոկոս գանձելու հոգուտ բյուջեի: Արդեն անգամ իշխող մեծամասնության առանձին պատգամավորներ խոսում են Հարկային նոր օրենսգիրքը փոխելու անհրաժեշտության մասին: Պետք չէ լուրջ բիզնեսմեն լինել հասկանալու համար, որ Հարկային օերնսգիրքը բիզնեսի այբուբենն է: Ցանկացած երկրում բիզնես գրավչության թիվ մեկ նախապայմանը հարկային հնարավորինս կայուն ու երկարաժամկետ օրենսդրությունն է, որը չի կարող փոխվել տարին մեկ կամ նույնիսկ տարին մի քանի անգամ, ընդ որում եթե խոսքը հարկային բեռի ավելացման մասին է:

Հետևաբար ի՞նչ բեիզնես գրավչության մասին է խոսում վարչապետը: Ոչ մի գրավչություն էլ իրականում չկա. փաստերն առայժմ հակառակն են փաստում:

 

   Հայկ   Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: