Սկանդալը ՀՖՖ-ում շարունակվում է. ՀՖՖ-ն՝ պայմանավորված խաղի կասկածի մասին

Jan 10, 2018 Comments Off on Սկանդալը ՀՖՖ-ում շարունակվում է. ՀՖՖ-ն՝ պայմանավորված խաղի կասկածի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանի Առաջին լիգայի «Լոռի» – «Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին եւ մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու մասին հրապարակումներին:

«Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու լուրի կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը.

Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային եւ արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարեւորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարեւոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաեւ միջազգային կոնվենցիաների եւ համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաեւ ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը եւ/կամ միջազգային  կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին  տրամադրելը:

Նշված գործառույթները, ինչպես նաեւ ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի եւ կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ եւ հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով»:

ՀՀ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ նույն թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով:

Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է  կազմվել ՈւԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

Դեպքի առթիվ 2017թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: 2018թ. հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանդիպման բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: