Կարեն Կարապետյանի ամենավերջին «դմփոցը»

Dec 30, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանի ամենավերջին «դմփոցը»

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կանխատեսելիս հաշվի են առնում հնարավրությունները, կամ, ինչպես վարչապետն է ասել, մուսկուլները:

«Մենք մեր «մուսկուլների» չափը պետք է հաշվի առնենք։ Յուրաքանչյուրն իր տան մեջ բյուջեն ինչպե՞ս է հաշվում. անկախ ընտանիքի անդամների ցանկություններից՝ տեղավորվում է իր հնարավորությունների մեջ։ Հիմա մեր կարողություններն այնպիսին են, ինչպիսին որ կան։ 2017 թվականի համար կանխատեսել էինք 3.2% աճ, կունենանք ավելի բարձր։ 2018 թվականի համար կանխատեսել ենք 4.5%, հետո ժամանակը ցույց կտա։ Բայց այս պահին դա ենք տեսնում՝ ելնելով այն «մուսկուլներից», կարողություններից ու պոտենցիալից, որ ունենք»,- ասել է Կարեն Կարապետյանը և ավելացրել, որ մեծ մուսկուլներ ունենալու համար պետք է ամեն օր ռեգուլյար պարապել:

Դժվար է ասել՝ մուսկուլների մասին խոսելիս Կարեն Կարապետյանը կոնկրետ անձի կամ գործարարի է նկատի ունեցել, թե սա զուտ պատահական նույնականացում է. համենայն դեպս, ինքը՝ վարչապետը, կարծես թե գերագնահատել էր սեփական մուսկուլների ուժը: Խորհրդարանական ընտրություններից առաջ խոստացած 850 մլն դոլարի ներդրման փուչիկն արդեն պայթել է՝ հասարակությունը միամտորեն սպասում էր օտարերկրյա ներդրումների, մինչդեռ պարզվեց, որ դրա մեջ մտնում են վարկային ծրագրերը, բյուջեի միջոցների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը, համայնքային ծրագրերը: Բայց անգամ այս բոլորը իրար գումարելով՝ 850 մլն դոլար ներդրում ոչ մի կերպ չի ստացվում: «Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Ներդրումների և իրականցվող ծրագրի տարբերությունը, այն էլ, եթե խոսքը վարկային կամ բյուջետային ծրագրի մասին է, այնքան ակնհայտ է, որ չարժի դրա վրա ընդհանրապես ժամանակ վատնել: Մնում է հասկանալ՝ Կարեն Կարապետյանի հիշողությունը մի՞շտ է այսքան վատ եղել, թե՞ նա սկսել է տուրք տալ պոպուլիզմին: Պոպուլիստները երբեք չեն ընդունում, որ սխալվել կամ խաբել են՝ չկատարելով տված այս կամ այն խոստումը: Հակառակը՝ նրանք պնդում են, թե իրենք ճիշտ են եղել: Եթե ամբողջ հայ ժողովուրդը լսել և հիշում է՝ 850 մլն դոլարի ներդրումներ ապահովելու Կարեն Կարապետյանի խոստումը, բայց ինքը՝ վարչապետը, չի հիշում, ի՞նչ է սա…

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: