Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի հետքերով

Dec 20, 2017 Comments Off on Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի հետքերով

Քաղաքականությունը ոչ միայն հնարավորինի արհեստ է, այլեւ անհնարինի։ Ժամանակին Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը այրեցին ՀԱԿ-ի հետ կամուրջներն այն բանի համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցով բուժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել։

Նրանք համարում էին, որ չի կարելի համագործակցել Ծառուկյանի հետ, որն իշխանության մաս է կազմում։ Այսօր այդ նույն մարդիկ, որոնք խորհրդարանում ձեւավորում են Ելք դաշինքը նույն ճանապարհին են կանգնած։ Անցած շաբաթ Ելքը նախագահի թեկնածու առաջադրեց Արտակ Զեյնալյանին և դիմեց Ծառուկյան դաշինք խմբակցությանը՝ սատարելու իրենց թեկնածուին: Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այսպիսով ուզում են ցույց տալ, որ որպես ընդդիմություն պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին, ունեն համապատասխան ռեսուրսներ և ծրագրային նպատակներ, որ ունեն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել:

Նրա խոսքով՝ աշինքն առաջադրելով նախագահի թեկնածու՝ փորձում է ցույց տալ, որ կարող է իշխանությանը հակակշիռ լինել և պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել՝ ղեկավարելու երկիրը: Ելք-ը ընդունում է,որ Ծառուկյան դաշինքը ընդդիմադիր ուժ է, թե ոչ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ արժանի ուժ ենք՝ իշխանությանը փոխարինելու համար: Իսկ ով է ընդդիմադիր, թե ընդդիմադիր չէ, իրենց հարցրեք: Այսօր գործընթաց է գնում, մենք դիմել ենք Ծառուկյան դաշինքին, իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության բոլոր հնարավորություններից օգտվել են, հետևաբար փաստացի մեր երկրի օրենքներով իրենց ընդդիմադիր են: Դա իրենց որոշելու խնդիրն է՝ կպաշտպանեն մեր թեկնածուին, թե այլ մեկին: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»: Հարցին, թե հնարավո՞ր է Ելքը միանա Ծառուկյան դաշինքին, և որոշեն միասին դառնալ այլընտրանք, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ Ելքն ուզում է այլընտրանք լինել իշխանությանը՝ ներգրավելով ՀՀ ողջ հանրությանը, բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իշխանությունից: «Մենք մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը:

Մենք առանձին կուսակցությանն ասում ենք՝ առաջադրել ենք, խնդրում ենք՝ նայեք ինչքանով է հնարավոր, որ մեր թեկնածուին սատարեք: Այստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ, գտնում եմ ոչ ճիշտ և ոչ նպատակահարմար: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, Ծառուկյան դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել, եթե ուզում եք այս երկրում փոխոխություն լինի: Իսկ եթե փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, այո, կռվեցրեք մեզ ու Ծառուկյան դաշինքին, լավ թեմա կլինի»,- ասաց Արամ Սարգսյանը: Սարգսյանը արդարացավ, թե իրենք Ծառուկյան դաշինքին չեն առաջարկում բուժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: «Դուք խառնում եք էծն ու ոչխարը, դա քաղաքագիտական մանիպուլյացիա է, որը անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը»,- ընդգծեց նա: «Դե, հիմա «Ելքը» ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, թե այդ ակնկալիքները որքանո՞վ են իրականանալի մեր մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`շարունակելով. «Բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, եւ ի՞նչ է` մենք պարտադրվա՞ծ ենք»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունն այս պահին նախագահի թեկնածու չունի, իրենց օրակարգում դեռ նման հարց չկա: Բայց, եթե թեկնածու չունեն, դա չի նշանակում, որ պետք է սատարեն «Ելք»-ին: Հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի նախագահի թեկնածուին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ չի կարող բացառել: Ես չգիտեմ՝ ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, Հանրապետականի ներքին գործերին խառնվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, բայց էստեղ չշեշտենք կուսակցության պատկանելիությունը: Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, որը իր գործնական եւ անձնական հատկանիշներով լիարժեք բավարարվում է Սահմանադրության եւ կյանքով ՀՀ նախագահին ներկայացվող պահանջները»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: