Խայտառակ աճուրդ կառավարության օրակարգում

Dec 09, 2017 Չի մեկնաբանվել

Օպտիմալացման արդյունքում ազատված պետական առողջապահական հիմնարկները դրվում են աճուրդի: Դրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն աճուրդի կդրվի 361 հազար դրամ մեկնարկային գնով: Այսինքն՝ սա ոչ թե աճուրդ է, այլ ջրի գնով վաճառք: Ուշագրավն այն է, որ 361 հազար դրամ գնահատված պոիլկլինիկան մոտ 600 հազար դրամի պարք ունի: Համաձայն կառավարության որոշման հիմնավորման՝  «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան», որն ունի 100 տոկոս պետական բաժնետոմս (400 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 3200 դրամ անվանական արժեքով)  պետք է մասնավորեցվի դասական աճուրդով: Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 596 հազար դրամ, այդ թվում՝

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 121 հազար դրամ.

2) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 354 հազար դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 27 հազար դրամ.

4) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝94 հազ. դրամ:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է 10-օրյա ժամկետում, վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով պետա­կան բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, տվյալ պարագայում Վարդենիսի համայնքային բյուջե:

Հիմնավորման  տեղեկանքից պարզ է դառնում նաև, որ ընկերությունն անշարժ գույք չունի, գործունեությունը ծավալում է ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Երիտասարդության փողոց 14 շենք, բն.3 հասցեում՝ 2017թ. մայիսի 20-ին կնքված վարձակալության պայմանագրով, որի հիման վրա ընկերության կողմից վարձավճարներ չի վճարվել: Թերևս հենց այդ պատճառով էլ գոյավել է պարտքերի հիմնական մասը: Տվյալ պարագայում անհասկանալի է, թե տարածք չունեցող պոլիկլինիկայի ի՞նչն է դրվում աճուրդի:

Ամեն դեպքում «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն համապատասխան թույլտվության հիման վրա գործունեություն է իրականացնում սկսած 2003 թվականից և նրա օտարման համար նախատեսվում է կազմակերպել 2 աճուրդ, որով հնարավորություն է ընձեռնվում հավանական գնորդին տարբեր պատճառներով 1-ին աճուրդին չմասնակցելու դեպքում մասնակցել 2-րդ աճուրդին: Պարզ չէ միայն,թե հավանական գնորդը ի՞նչ պետք է ձեռք բերի՝ աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում: Հասկանալի  չէ նաև, թե մինչև 2017 թվականի մայիսը որտեղ է գործել սույն ստոմատոլոգիական պոլիկլինիկան:

Իհարկե, դժվար է ասել՝ պոլիկլինիկայի առաջին աճուրդին մասնակիցներ կլինե՞ն, թե՞ ոչ, սակայն փաստ է, որ եթե անգամ հրաշքով աճուրդը կայանա, չի բավարարելու նույնիսկ պարտքերի մարմանը: Իսկ չկայանալու դեպքում մեկնարկային գինը հաջորդաբար նվազելու է:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Խայտառակ աճուրդ կառավարության օրակարգում”

Մեկնաբանել