Թբիլիսիում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը. վիրավորվել է մեկ հատուկջոկատային

Nov 22, 2017 Comments Off on Թբիլիսիում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը. վիրավորվել է մեկ հատուկջոկատային

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենում հակաահաբեկչական հատուկ գործողություն: Քաղաքում հնչում են կրակոցներ եւ պայթյուններ, վիրավորվել է մեկ հատուկ ջոկատային:

Ինչպես գրում է interpressnews.ge-ն, այս մասին հայտնում են երկրի Պետական անվտանգության ծառայությունից: Նշվում է, որ վիրավորին տեղափոխում են հիվանդանոց:

Հատուկ գործողությունը շարունակվում է մոտ 13 ժամ: Ենթադրաբար իրավապահները փորձում են ձերբակալել բնակարաններից մեկում արգելափակված երկու անձանց: Հայտնի է, որ վերջիններս կրակ են բացել իրավապահների ուղղությամբ:

Իրավապահներն արգելափակել են հարակից տարածքը, մոտակայքում գտնվող դպրոցում չեղարկվել են դասերը:

Կրակոցների և պայթյունների հետևանքով հատուկ գործողության անցկացման վայրում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում:

Դեպքի վայրում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական ջոկատները: Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության լրացուցիչ ջոկատներ:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հատուկ գործողությունն իրականացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց դեմ:

Տեղի բնակիչները պատմել են, որ շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են:

Նշենք, սակայն, որ պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: