1,1 մլրդ դոլար ներդրման բլեֆը. Սամվել Կարապետյանը վարկ է վերցնում

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

 

Օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի ներդրողների ակումբը ազդարարելու է մեկ միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին: Օրացուցային ճշգրտությամբ այս երկուշաբթի Սերժ Սարգսյանն ու ռուստանահայ մեծահարուստ հայերից Սամվել Կարապետյանը ազդարարեցին միանգամից մի քանի շրագրի մասին: Մասնավորապես, 200 միլիոն դոլար ներդրվելու է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծում: Եվս 900 միլիոն դոլար ներդրվելու է Հայաստանի էլեկտրացանցերի արդիականացման մեջ: Այս ճռճռան թվերին դեռ կանդրադառնանք, մինչ այդ նշենք, որ ըստ նախագայի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ նոյեմբերի 13-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը:
Սերժ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց ինովացիոն կենտրոնում, ծանոթացել բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայի, Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ուսումնական կենտրոնի և լսարանների պայմաններին: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելությունից հետո Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ: Սերժ Սարգսյանն այնուհետև «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական»,- նշվում է հաղորդագրության մեջ: Փաստորեն Սամվել Կարապետյանը Հայաստանի տնեսական կյանք է ներխուժում մի քանի ուղղությամբ՝ խոշոր մոլ, բուհական համակարգ գումարած էներգետիկ համակարգ, որտեղ 1 մլրդ դոլար գումար կնրեդրվի: Առաջին երկուսը համեմատաբար փոքր մասշտաբի ծրագրեր են, գլխավոր ներդրումը էներգետիկան է, որը սակայն իրականացվելու է ոչ թե տնտեսության մեջ ուղղակի փող սրսկելու, այլ վարկային պարտավորության տարբերակով: Ամիսներ առաջ ՀԷՑ-ը դիմել էր ՀՀ կառավրությանը և խնդրել էր տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից(ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9 %-ը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Համաձայնությունը տրվեց: Ըստ այդմ՝ Տաշիր ընկերությունն այսօր արդեն հայտարարում է, որ մոտակա տասը տարիներին ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը, որը 2015թ.-ից մտնում է ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:
«Այս ծրագրի ֆինանսավորման համար ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը 2016թ.-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաև փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մատակա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով»,- նշվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ստացվում է, որ 1,1 մլրդ դոլար ներդրումը Սամվել Կարապետյանն անումն է վարկերի հաշվին, որի դիմաց գրավ է դրել մեր երկրի բացառիկ ռազմավարական համակարգը՝ էլցանցը: Բացի այդ՝ 1,1 մլրդ դոլար վարկի վերադարձը վաղ թե ուշ կարող է ներառվել էլեկտրաէներգիայի սակագնի մեջ և այդ գումարը վերադարձնելու ենք մենք՝ ՀՀ սպառողներս:
Հայկ Դավթյան
Հ.Գ. Հատկանշական է, որ 1,1 մլրդ դոլար ներդրումային ծրագրի մեկնարկը տրվեց առանց վարչապետ Կարեն Կարապետյանի, ով համարվում էր ներդրողների ակումբի ջատագովը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “1,1 մլրդ դոլար ներդրման բլեֆը. Սամվել Կարապետյանը վարկ է վերցնում”

Մեկնաբանել