Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող վարչության պետին

Nov 10, 2017 Comments Off on Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող վարչության պետին

ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի որոշմամբ, ըստ կառավարության egov.am կայքի, աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվականի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝
Զոյա Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։

Իր ազատման մասին ֆեյսբուքում գրառում է արել նաև Սուսաննա Տոնոյանը. «Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել որ ես այլևս կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար։ Ներկայումս զբաղված եմ աշխարհի ամենահաճելի և ամենակարևոր աշխատանքով` մեծացնում եմ իմ ապագա զինվորներին։ Զույգ ձագերս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: