Լավ լուր աշխատող մայրերի համար

Nov 07, 2017 Comments Off on Լավ լուր աշխատող մայրերի համար

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու օրենսդրական նախաձեռնությունը:

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հանձնաժողովի նիստում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է որպես գործատու երեխայի համար դայակ վարձել: Մենք ասում ենք, որ պետությունը կփոխհատուցի այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ: Օրինակ, եթե մայրը դայակի հետ 110 հազար դրամից ավել աշխատավարձ է պայմանավորվել, պետությունը կփոխհատուցի 55 հազար դրամը, որովհետև ասում ենք, որ նվազագույն աշխատավարձից ավել փոխհատուցումը չի լինի»,- պարզաբանեց նախարարը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: