Սկսում է մաշկի վրա զգալ

Nov 05, 2017 Comments Off on Սկսում է մաշկի վրա զգալ

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով ներդրումներ ապահովելու իր կողմից տրված, սակայն այս պահի դրությամբ չիրագործված խոստմանը, հայտարարել է, թե  առաջիկա  10-12 օրվա մեջ ներդրողներն իրենք կհայտարարեն ներդրում կատարելու մասին: Մինչև տարեվերջ, ըստ վարչապետի, 1 մլրդ դրամի ներդրումները 100 տոկոսով կկատարվեն: Այս ներդրումների մեջ նաև վարկերն են հաշվարկած, բայց դա Կարեն Կարապետյանի գնահատմամբ նորմալ է:

Իհարկե,  դժվար է  ասել՝ 100 տոկոսի մասին խոսելիս Կարեն Կարապետյանը կոնկրետ անձանց է նկատի ունեցել, թե՞, դա եղել է իր անձնական ցանկությունը: Օրերս ուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ևս հայտարարել էր, որ Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին Երևանում մեծ շնորհանդես է կազմակերպելու, որտեղ կհայտարարվի մեծ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին, խոսքը մոտ 1 մլրդ դոլարի մասին է: Սերժ Սարգսյանն ասել էր, որ հիմնականում ներդրումներ կարվեն Հայաստանի էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է Schneider Electric հայտնի ընկերության հետ համատեղ նոր ձեռնարկությունների կառուցում, որտեղ էներգետիկների համար նախատեսված ապրանքներ կարտադրվեն: «Կարծում եմ, այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում», – ասել էր Սարգսյանը:

Կարեն Կարապետյանն ըստ էության նույն բանի մասին է խոսել: Հատկանշական է, որ եթե պաշտոնը նոր ստանձնելու ժամանակ նա դժգոհում էր իր ստացած շատ վատ ժառանգությունից և հայտարարում, որ կախարդական փայտիկ չունի, ապա այժմ, կարծես թե, վերանայել է  մոտեցումները և  հակված է մտածելու, որ իր նախորդներն այնքան էլ մեղավոր չեն եղել  ստեղծված իրավիճակի համար. «Մենք 2017 թվականին շատ ներուժ կամ հիմք չենք դրել 2018 թվականի աճի համար: 2018 թվականի աճը լինելու է արդյունավետության, գոյություն ունեցող կապիտալների աճի հաշվին, մարդկային ռեսուրսի աճի հաշվին, մասնավորի հաշվին, և իրականում 2018 թվականին այն, ինչ որ մենք մտադիր ենք անել, հաջորդ տարիների համար աճն է: Մենք պետք է ձեզ հետ ֆիքսենք, որ այն իրավիճակը, որը տիրել է աշխարհում, այն իրավիճակը, որը տիրել է մեր երկրում, թույլ չի տվել նախկին կառավարիչներին հաջորդ աճերի համար ներուժի բազան ստեղծել: Դա լավ կյանքից չի եղել»,- նշել է Կարեն Կարապետյանը: Թերևս Կարեն Կարապետյանը հասկացել է, որ անմխիթար ժառանգություն փոխանցելու ուրվականը հետապնդում է նաև իրեն: Նա սեփական մաշկի վրա արդեն հասկանում է, որ իրավիճակ փոխելն անհամեմատ ավելի դժվար բան է, քան այդ մասին խոսելը: Ուստի այս պահի համար կառավարությունն, ըստ Կարեն Կարապետյանի,  ընդամենը աճի հիմքեր է նախապատրաստում՝ գալիք տարիների համար.  «Ես համարում եմ հաջորդ տարվա 4.5 տոկոս աճը տրամաբանական: Եթե մենք 2018 թվականին ինչ -որ նախատեսում ենք անենք, բացի մեր կապիտալ ծախսերից, բիզնես միջավայրի փոփոխություն, մեր տեղական ներդրողների մոտ օպտիմիզմի և ակտիվության աշխուժացում, որը կբերի արտաքին ներդրողին, ապա մենք շատ լավ բազա, հնարավորինս լավ բազա կստեղծենք 2019 թվականի համար»,- ասել է վարչապետը:

Հայտնի է, որ ներդրումների բարենպաստ միջավայրը ուղղակիորեն կապված է  հարկային բարենպաստ միջավայրի հետ: Նոր Հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից արդեն հարուցել է լուրջ դժգոհություն բիզնեսի միջավայրում. «Հարկային և Մաքսային օրենսգիրքը մենք անցած տարի հոկտեմբերին, երբ որ ընդունել ենք, չենք թաքցրել, որ կան կետեր, որոնք մենք գրել ենք, քանի որ խնդիր ունեինք մեր արտաքին պարտքը սպասարկելու»,- նշել է վարչապետը և խորհուրդ տվել՝ հարկային, մաքսային օրենսգրքի հետևանքների մասին խոսել այն ժամանակ, երբ այն ուժի մեջ կմտնի: Հարկային նոր օրենսգրքով, բացի հարկային դրույքաչափերի փոփոխությունից, նախատեսվում է նաև շահաբաժինների հարկում՝ 5 տոկոսի չափով: Սա փաստացի նշանակում է կրկնակի շահութհարկ: Սա տնտեսվարողներին մղելու դեպի ստվեր, որն ամենևին չի նպաստում գալիք տարիների «աճի հիմքերի»  ստեղծմանը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: