Ում հովանավորչության տակ են գործում «էլիտար» գողերը

Nov 05, 2017 Comments Off on Ում հովանավորչության տակ են գործում «էլիտար» գողերը

Երեւանում մեկ գիշերվա ընթացքում թալանել են երկու ավտոմեքենա։ Հոկտեմբերի 30-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ժամը 14:50-ի սահմաններում Փափազյան փողոցի բնակիչ, 56-ամյա Սեդրակ Հարությունյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի մոտ գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 80 SO 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հեռաքննություն է սկսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Ծերենցի փողոցի բնակիչ, 33-ամյա Վահե Օսեյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 13:00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Արշակունյաց պողոտայի թիվ 47 շենքի մոտ գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 443 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Լրատվամիջոցներում նույնաբովանդակ լուրերը վերջին շրջանում այնքան հաճախակի են դարձել, որ «դեժավյուի» տպավորություն են թողնում։ Եղել են դեպքեր, որ նույն օրը նույն ժամին Երեւանի բանուկ փողոցներից մեկում թալանել են միանգամից ոչ թե երկու, այլ մի քանի ավտոմեքենա։ Գողության այս տեսակը Հայաստանում ստացել է «էլիտար» անվանումը, հանցավոր խումբը, կամ խմբերը առանց մեծ ջանքեր գործադրելու, երբեմն բառացիորեն հաշվված վայրկյանների ընթացքում անում են իրենց սեւ գործը, բավականին յուղոտ ավարով հեռանում դեպքի վայրից։

Օրինակ որոշ դեպքերում թանկարժեք մեքենաների մեկ լուսարձակը օգտագործված պահեստամասերի անվան տակ հանձնվում են 4-5 հարյուր հազար դրամով։ Իսկ որ ամենակարեւորն է՝ գողության այս դեպքերը առանց բացառության մնում են չբացահայտված, շարքային քաղաքացիներից եւ ոչ մեկը, վստահ ենք, որ հետ չի ստացել իր կողոպմտված իրերը։ Շարքային քաղաքացիների մոտ ավտոմեքենաների լուսարձակների այս անպատժելի գողությունները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ դրանք հովանավորվում են ոստիկանության բարձր օղակներում։ Ասենք՝ ինչպե՞ս կարելի է Երեւանի բանուկ փողոցներից, որտեղ գոնե հիմա ամեն քայլափոխին տեսախցիկներ են տեղադրված, խոսքը մասնավոր օբյեկտների համար գործող համատարած տեսախցիկների մասին է, գողություն է կատարվում եւ իրավապահները ոչինչ չեն հայտնաբերում։ Ասենք, գողոնը հո տիեզերք չեն փախցնում, դրանք որպես կանոն իրացվում են տեղի շուկայում, առանձնակի բացառություններով՝ արտահանում Վրաստան։ Ի վերջո, քիչ չեն դեպքերը, երբ շարքային քաղաքացիները օգտագործված ավտոմասերի կետերից/իսկ դրանք Հայաստանում շատ չեն/ գնել են հենց իրենց մեքենային պատկանող պահեստամասերը, որոնք կողոպտել են ինչ-որ ժամանակ առաջ։

Պարզապես աբսուրդ է հայաստանյան պայմաններում չբացահայտել նմանատիպ գողությունները, երբ շարքային քաղաքացիներին անգամ հայտնի է , թե որը որից հետո է լինում։ Մի ուշագրավ դրվագ, բարձրաստիճան ոստիկաններից մեկը մի շրջանակում անկեղծացել է, որ նախորդ օրվա իրենց գիշերային շրջայցի ժամանակ լուրջ կասկածներ են ունեցել, որ տվյալ վայրում գողություն է կատարվելու, հրահանգվել է հսկողության տակ պահել տարածքը, սակայն չգիտես ինչու, հրամանը չի կատարվել՝ ավելի խորացնելով կասկածները, որ հանցագործության այս տեսակի իրական հովանավորները ոստիկանության բարձրաստիճան օղակներում են։ Ոստիկանությունը մատը մատին չի խփում, ու որքան ավելանում է այս մարմնին հատկացվող բյուջեն, որքան ավելի շատ է փող հոսում ոստիկանության համակարգ՝ տեխնիկական վերազննման եւ այլ խնդիրների լուծման անվան տակ, այնքան համակարգը պարապուրդի է մատնվում։

Հարկ է նշել, որ չնայած եկող տարվա բյուջեով կրճատվել են նույնիսկ կրթության ոլորտի հատկացումները, սական ոստիկանությանը ինչպես միշտ, այս անգամ էլ ավելացել է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: