Թե ինչու և ինչպես Հրանտ Թոխատյանը որոշեց թամադա դառնալ

Nov 02, 2017 Comments Off on Թե ինչու և ինչպես Հրանտ Թոխատյանը որոշեց թամադա դառնալ

Երեւանի ավագանու որոշմամբ՝ «Կանազի» մշակույթի տան շենքը 10 տարով հանձնվել է Երեւանի ավագանու նախկին անդամ Հրանտ Թոխատյանի ստեղծած «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամի տնօրինմանը:

Ավագանու քվեարկությունից առաջ Հրանտ Թոխատյանը ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իր հիմնադրամը եւ ինչ են ստեղծելու «Կանազ»-ի տեղում: Հրանտ Թոխատյանն իր ելույթում նշեց, որ թատրոնը կարող է լինել շահութաբեր, դերասանները կարող են բարձր վարձատրություն ստանալ ներկայացումներ խաղալով եւ ունենալ լեփ-լեցուն դահլիճներ, որը 25 տարում չեն ունեցել: Այդ նպատակով Թոխատյանն այնտեղ 1 մլն դոլար ներդրում կատարելու խոստում է տվել: 3 հազար քառակուսի մետր տարածքով «Կանազ» մշակույթի կենտրոնում նախատեսվում է ստեղծել թատերական դպրոց, պրոֆտեխուսումնարան, թատրոն եւ մանկական թատրոն: Թոխատյանը առաջարկել է ավագանուն՝ եթե ժամկետը երկարացնելու հնարավորություն կա, ապա ավելի երկար ժամկետով շենքը իրեն հանձնեն:

«Այսօր շենքն ահավոր վիճակում է: Մենք միայն ասում ենք՝ պատմամշակութային: Ի՞նչ է մնացել այդ պատմամշակութային շենքից, բացի դրսի պատերը՝ ոչինչ: Դա բարբարոսային վերաբերմունք է այդ շենքին: Այո՛, ես ուզում եմ, որպեսզի մենք շենքը կարողանանք վերականգնել եւ շենքը ծառայի մշակույթին, ինչպես եղել է նախկինում: Ես ինքս 70-ականներին խաղացել եմ այդ բեմի վրա»,- նշել է նա:

Արձագանքելով Թոխատյանի առաջարկին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ կախված ներդրումներից՝ իրենք պատրաստ են շենքի տնօրինման ժամկետը տարիներ հետո երկարաձգել: Երեւանի ավագանու «Ելք»խմբակցությունը, միանալով ՀՀԿ-ին, կողմ է քվեարկել Հրանտ Թոխատյանի հիմնադրամին շենք տրամադրելու հարցին: Դեմ են քվեարկել միայն «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամը:

Դեմ քվեարկած ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանը, անդրադառնալով Հրանտ Թոխատյանի ստեղծած «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամին, նշել է, որ մեկ տարի առաջ ստեղծված հիմնադրամի հաշվեհամարին գումար չկա: «Շատ լավ գիտենք, որ Հրանտ Թոխատյանը հայտնի եւ սիրված թամադա է նրանց շրջապատում, սակայն Հրանտ Թոխատյանը նախկին 4 տարվա ընթացքում եղել է ավագանու անդամ եւ հենց նրա ավագանության օրոք, էլի լռելու համար էին մարդկանց բնակարաններ տրվում, ինքը շատ կողմ էր եւ ուրախ-ուրախ կողմ էր քվեարկում: Ավելի վատ բան՝ նրա ավագանի լինելու ժամանակաշրջանում է, որ պայթեցվել է նույն տպարանի շենքը, որը նույնպես մշակությային կոթող էր ներկայացնում: Ինչո՞ւ այն ժամանակ Հրանտ Թոխատյանը ձայն չի բարձրացրել եւ հիմա ուզում է մշակույթը բարձրացնել մոխիրների՞ց»,- հայտարարել է Մարինա Խաչատրյանը՝ շեշտելով, որ  իրենք չեն վստահում Թոխատյանին և կասկածներ ունեն, թե շենքում մշակութային գործունեություն կծավալվի: «Տարածքը նվիրաբերում եք Թոխատյանին՝ ապահովելով մեր գավառական թամադայի մշտական աշխատանքը: Մենք մեր քաղաքը չենք վստահում նրան»,- հայտարարել է «Երկիր ծիրանի»-ի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը:

Ավագանու նիստից հետո Հրանտ Թոխատյանը պատասխանել է իր՝ թամադա լինելու մասին հարցին՝ նշելով, որ թամադայություն եմ արել, որ կարողանա ներկայացում բեմադրի և որևէ մեկից գումար չի աղերսել. «Ինչո՞ւ գավառական թամադա: Հավանաբար, այդ բնորոշումը տվողները միայն քեֆերն են տեսել, ներկայացումները չեն դիտել, դրա համար են այդպես ասում»,- պարզաբանել է դերասանը: Ստացվում է, որ Թոխատյանը թամադայություն  է արել հանուն բարձր արվեստի, իսկ արվեստը, ինչպես հայտնի է, զոհեր է պահանջում:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: