Վիգեն Սարգսյանը որոշել է 3 տարով մեկնել առաջին գիծ՝ մարտական ծառայության

Oct 28, 2017 Comments Off on Վիգեն Սարգսյանը որոշել է 3 տարով մեկնել առաջին գիծ՝ մարտական ծառայության

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որի ընդունումը իշխանության և հատկապես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համար կարծես թե դառնում է օրախնդիր, մի շարք հարցեր է հարուցում: Ինչպես հայտնի է, այս օրենքով իսպառ վերացվում է կրթության հիմքով տրվող ակադեմիական տարկետումը: «Տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածն այսպես թե այնպես ընդհատում են իրենց կրթությունը: Ակադեմիական տարկետումը դառնում է դուռ` դեպի չծառայելը: Կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր՝ և՛ կոռուպցիոն, և՛ բարոյական, և՛ ակադեմիական»,- ԱԺ-ում հայտարարել է նախարար Վիգեն Սարգսյանը: Տարկետման փոխարեն՝ ՊՆ-ն առաջարկում է «Պատիվ ունեմ»  ծրագիրը, ըստ որի՝ բուհ ընդունված երիտասարդները, եթե նրանց մասնագիտությունը ներառված է ՊՆ-ի կողմից սահմանված մասնագիտությունների ցանկում, պայմանագիր է կնքում ՊՆ-ի հետ, ուսումնառության ընթացքում շաբաթ և կիրակի օրերին անցնում է զինվորական պատրաստություն ռազմական որևէ բուհում, իսկ բուհն ավարտելուց հետո, բացի մասնագիտական դիպլոմից, ստանում է նաև սպայական կոչում և 3 տարի ծառայում է որպես սպա, ընդ որում խոսքը մարտական դիրքերում ծառայություն անցնելու մասին է:

Եթե այս տարբերակը բուհում սովորողի համար ընդունելի չէ, նա ստիպված է 18 տարին լրանալուն պես զորակոչվել բանակ: Տարկետման տոտալ վերացումը Վիգեն Սարգսյանը հիմնավորում է արդարության սկզբունքի հաստատմամբ և կոռուպցիոն ռիսկերի վերացմամբ:Այս հիմնավորման սին ու դատարկ լինելը լավագույնս ապացուցել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթով:

Պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել ՊՆ և պահանջել տարկետում ստացածների վերաբերյալ տվյալներ, որոնք գաղտնի են և հրապարակման ենթկա չեն: Սակայն տվյալների դիտարկումը պատգամավորին թույլ է տալիս եզրակացնել, որ բանակից ազատվողների 100 հոգուց 90-ը առողջության պատճառով է ազատվում, միայն 10-ը՝ տարկետման։

«Հայաստանում ուր գնում ես, համատարած մարդիկ ազատված են բանակից: Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսն ականջի խրոնիկ մեծացում ունի, և այդպես շարունակ: Այսինքն` մեր 100%-անոց պրոբլեմի 90%-ը կապված է առողջապահության ոլորտի հետ,- հայտարարել է Փաշինյանը: Ըստ պատգամավորի՝  կրթության հիմքով ազատվող 10 տոկոսի ուղիղ կեսը տարկետում ենթադրաբար ստանում է կոռուպցիոն ճանապարհով: Օրենքի փոփոխությունից հետո այս մարդիկ շատ հանգիստ կարող են համալրել «Պճեղի մինինգիտ» ունեցողների շարքը: Հետևաբար ստացվում է, որ այս օրենքը լուծելու է ընդամենը 5 տոկոսի խնդիր, որի արդյունքում տարկետումից պիտի զրկվեն  այն 5 տոկոս երեիտասարդները, ովքեր իսկապես տաղանդավոր և շնորհալի են և այդ իրավունքից օգտվում են արժանիորեն: Չէ՞ որ սրանով կոռուպցիայի և բանակից թռնելու խնդիրը չի լուծվում: Ստացվում է, որ պետությունն անզոր է պայքարել կրթական համակարգի կոռուպցիայի դեմ, սրա փոխարեն կրթությունն ու գիտությունն է դնում հարվածի տակ: Տուժողները լինելու են այն հատուկենտ տաղանդավոր երիտասարդները, որոնք իսկապես գիտության և կրթության մարդ են:

Ինչ վերաբերում է այս օրինագծի թիվ 1 ջատագով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին. եթե ժամանակին 18-ամյա Վիգեն Սարգսյանը, առաջադեմ բուհերում սովորելու փոխարեն, առաջին գծում մարտական ծառայության ուղարկվեր, հետաքրքիր է՝ այսօր նա կլինե՞ր այն, ինչ կա :Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չնայած այն հանգամանքին, որ 3 բուհ է ավարտել,  իր պարտքը որպես սպա կատարել է: Հայտնի է, որ Վիգեն Սարգսյանը ժամանակին եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ, որը և նրա համար համարվել է ծառայություն: Այս կարգի ծառայությունը համեմատել մարտական դիրքերի ծառայության հետ, մեղմ ասած, արդար չէ: Քանի որ Վիգեն Սարգսյանը համոզված է, որ բոլորը պետք է ծառայեն, ապա  ճիշտ և արդար  կլինի, որ սեփական օրինակով դա ապացուցի և օրենքի ընդունումից անմիջապես հետո 3 տարով կամավոր հիմունքներով մեկնի առաջին գիծ՝ մարտական ծառայության: Բայց մինչ այդ նա նաև պետք է գտնի մեխանիզմներ ՝ բացառելու առողջապահության ոլորտի կոռուպցիան կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, պճեղի մինինգիտը:

Մյուս կարևոր բանը, որ պիտի անեն իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արտագաղթը կանխելն ու երկրում սոցիալ- տնտեսական առաջընթաց ապահովելն է,  ծնելիության աճ ապահովելն է: Գիտե՞ն իշխանությունները, թե բանակից խուսափելու համար քանիսն են  դառնում օտարերկրյա քաղաքացի, ինչպես են 8-9 տարեկան հասակից տղաներին տանում այլ երկրում գրանցում: Թող այս հարցերի մասին մտածեն՝ տարկետման վերացումը բանակի հարցը չի լուծելու:

Արման  Վարդանյան   

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: