«Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. տոննաներով պանիր ենք թափում»

Oct 20, 2017 Comments Off on «Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. տոննաներով պանիր ենք թափում»

«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում:

Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100–120 դրամով են մթերում: Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն: Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում:

«Պանիրն էլ մնում է՝ չի վաճառվում: Փչանում է, տոննաներով պանիր ենք թափում: Ընկերությունները կաթի փոշուց մեծ քանակությամբ կաթնամթերք են արտադրում, գյուղացու արտադրանքն էլ մնում է»,- թերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նրանք:

Կաթնամթերքի իրացման պատճառով Աղաջանյանների ընտանիքն անասնագլխաքանակն է կրճատել: Այսօր էլ թանկ անասնակերի պատճառով պատրաստվում են եղածն էլ վերացնել:

«Ամեն ինչ անում ենք՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, բայց չի ծախվում: Պանիր ենք անում, փչանում է, ում ասում ենք՝ եկեք, առեք, ասում են՝ գումար չկա»,– նեղսրտեց Լուսիկ Աղաջանյանը:

Նույն խնդրի առաջ են կանգնած մարզի մյուս համայնքները: Բալաք համայնքում տարիներ ի վեր կաթի մթերում չի իրականացվել: Այս տարի, սակայն, գործարաններն այստեղ կաթ գնելու են եկել: Անասնապահությամբ զբաղվող բնակիչների տեղեկացմամբ՝ վերամշակող ընկերությունները ժամանակ առ ժամանակ են համայնք գալիս:

«Միակ խնդիրը, որ կաթի ռեալիզացիա չկա: Փչանում է, թափում ենք»,- բողոքեցին նրանք:

Այստեղ 43 տնտեսության կա, բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ամենաքիչը 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի:

Պատրաստած պանիրը գյուղացիներն այլ ապրանքների հետ են փոխանակում: Երեւանում բարեկամներ ունեցողներն էլ այն մայրաքաղաք վաճառելու են ուղարկում:

«Գալիս են, ապրանքով են փոխանակում, բայց պանիրն էժան են հաշվում, գյուղացիները ճար չունեն, հանձնում են»,- պատմեցին նրանք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: