Ի՞նչ կմոգոնի Ալիևը Ժնևից հետո

Oct 18, 2017 Comments Off on Ի՞նչ կմոգոնի Ալիևը Ժնևից հետո

Երկար դադարից հետո երեկ Ժնևում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որից անմիջապես հետո տարածվեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում արձանագրվեց, որ հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»:

«Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ»:

Համանախագահները հասան իրենց նպատակին. Կողմերից ստացան խաղաղ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ արձանագրումը:

Հայկական կողմի համար կարևոր էր, որ տարածած հայտարարությունում արձանագրվեց, որ անհրաժեշտ է հավելյալ քայլեր ձեռնարկել՝ «նվազեցնելու լարվածությունը շփման գծում»: Այս արձանագրումը նշանակում է, որ անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հարգելը, իրագործելու մնում են ուժի մեջ, ինչի խուսափում է Ադրբեջանի ղեկավարը:

Առհասարակ, դատելով Ժնևյան հանդիպման կադրերից՝ Ադրբեջանի ղեկավարի մոտ որոշակի ընկճվածություն էր նկատվում, ինչը չի կարելի ասել Սերժ Սարգսյանի դեպքում: Հայտնի է, որ Ալիևն անմիջապես բանակցություններից հետո հեռացել է, իսկ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր ներածական խոսքում, ակնհայտորեն, միտումնավոր ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Պաշտոնական Բաքուն երեկ ողջ օրը լուռ էր: Զգացվում էր, որ որոշակի «շոկային» և ծանր լռություն է տիրում Ադրբեջանում: Իլհամ Ալիևին, ինչ-որ առումով, կարելի է հասկանալ. մեկ տարի առաջ նա պատերազմ սանձազերծեց՝ այլ ակնկալիքներով, այսօր, սակայն, ստիպված է կրկին գնալ, նստել բանակցությունների սեղանին:

Երկար ու ձիգ տարիներ նա ամեն ինչ արել է, որպեսզի տապալի ԵԱՀԿ ՄԽ-ի ներքո խաղաղ բանակցությունները, տևական ժամանակ նա փակուղի է մտցրել բանակցային գործընթացը, այսօր, սակայն՝ նրա համար սկսում է նոր փուլ:

Երաշխի՞ք է սա, որ Ալիևը զերծ է մնալու սադրանքներից ապագայում… Իհարկե՝ ոչ:

Պարզապես պետք է արձանագրել, որ այս փուլում միջնորդները հասել են իրենց նպատակին, բանակցություններից խուսափելու համար Ալիևի ավանդական դարձած մեթոդները մաշվել են: Ալիևը նոր բան պետք է մոգոնի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: