«Դատարկ դհոլը» ՀՅԴ «բառաբանին» վնաս է

Oct 10, 2017 Comments Off on «Դատարկ դհոլը» ՀՅԴ «բառաբանին» վնաս է

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր, անդրադառնալով անցած ուրբաթ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, բավականին ուշագրավ ակնարկ է արել։ Պատգամավորը ասել է հետեւյալը. «Ես չեմ ուզում անդրադառնալ ո’չ Գեղամյանի, ո’չ Փաշինյանի հայտարարություններին: Նման վարվելաձևերն ԱԺ-ում ոչ միայն դատապարտելի են, այլև ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ չափից ավելի կանխատեսելի են հաճախ դառնում իրենց վարքագծի մեջ։ Մի ահելի և մի ջահելի պատմություն է, չէի ուզենա, որ իրար նմանվեին և այսքան կանխատեսելի դառնային»։ Ըստ էության պարոն Վարդանյանը բաց տեքստով հայտարարել է, որ գործ ունենք մի «ահել» եւ մի  «ջահել» «դատարկ դհոլների» հետ, կամ ինչպես ընդունված է ասել՝ Սերժ Սարգսյանի բախտակից հաճախորդների հետ, որի առիթով Վարդանյանը ցավ է հայտնում՝ ասելով, թե չէր ցանկանա այսքան շուտ  կանխատեսելի դառնար, կամ այլ կերպ ասած՝ խաղաթղթերը բացվեր ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Արտաշես Մամիկոնյանը ընդդիմադիր դերի մեջ էր, բայց իրականում Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմությունն էր, վերջինիս կողմից բնորոշվեց որպես դատարկ դհոլ:

Պետք է փաստել, որ Սերժ Սարգսյանը հաճախորդների առումով հարուստ անձնավորություն է՝ բարձրարժեք  «արևմտամետներից» մինչև նվաստ «ռուսամետներ», ոմանք ստացել են ժողգործիքի անուն, ոմանք էլ անանուն են մնացել, նրանք քաղաքական կոռուպցիայի շահառուներից են, եւ ամենեւին էլ տարբերություն չկա, թե ով քանի ոսկով է վաճառել իր հորգին, նրանք ըստ պատեհության ասպարեզ են բերվում, ընդդիմախոսում մեկը մյուսի դեմ՝ պահելով Սերժ Սարգսյանի շահը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Արտաշես Գեղամյանն այս ճամբարի առաջամարտիկներից է:

Ներկայիս հաճախորդները նրա հոգեզավակներն են և աշակերտիկները: Գեղամյանի էպոխան, սակայն, ավարտվեց  2008-ին, երբ նա ստացավ իր «պատվավոր» տեղը ՀՀԿ ցուցակում: Հիմա ասպարեզը հանձնված է երիտասարդներին, ինչն էլ ըստ էության խանդի նոպաներ է առաջացրել պարոն դհոլչու մոտ: Սակայն  այս ամբողջ պատմության մեջ հարց է ծագում, թե ինչու է այսպես կոչված հաճախորդաց բազառին խանդով վերաբերում ՀՅԴ-ն: Ի վերջո, ՀՅԴ-ն վեր է անգամ հաճախորդությունից,  այս կուսակցությունն իրեն ամբողջությամբ հանձնել է Սերժ Սարգսյանի տնօրինությանը, դարձել նրա կցորդը: Ժամանակին էր, երբ ՀՅԴ-ն էլ թմբկահարում էր իշխանության բացերը, ինչ խոսք կուսակցության թմբուկն ավելի հուժկու էր, քան պարոն Գեղամյանի փոքրիկ դհոլը, թիկունքում հզոր սփյուռք, պատմություն կերտած ավանդական մի ուժ, որի ձայնը խլացնելը անհնարին էր թվում, սակայն հաճախորդների հարցում պրոֆեսիոնալ Սերժ Սարգսյանի համար անհնարին ոչինչ չկա, եւ ՀՅԴ-ի հարցում եղավ այն, ինչ բոլորի: Այնպես որ, ինչպես ասում են, նրանց դհոլը ձեր թմբուկին վնաս չէ, եւ ընդհանրապես ժողովուրդը լավ է ճանաչում իր բոլոր ժողգործիքներին, պետք չէ ցավալ ուրիշների համար, թե ժամանակից շուտ են դիմակները բացում, դուք ամեն մեկդ ձեր դարդը լացեք:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: