Դեպքի վայրի պահպանություն. «բոչկա են գլորում»

Oct 09, 2017 Comments Off on Դեպքի վայրի պահպանություն. «բոչկա են գլորում»

Կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել  «Ոստիկանության մասին» և հարակից օրենքներում փոփխություններ  կատարելու մասին օրենսդրական  նախագիծը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողությունները: Մասնավորապես, հստակեցվում է հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը: Նախագիծը կառավարությունում ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, սակայն օրենսդրական նախաձեռնության հեղինակը Քննչական կոմիտեն է:

Համաձայն առաջարկվող փոփոխությունների՝  դեպքի վայրի պահպանությունը որն այժմյան օրենսդրությամբ  դրված է  ոստիկանության և  ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, այսուհետ կտարածվի և նման պարտավորություն կդրվի նաև հետաքննության մյուս մարմինների՝ հարկային, մաքսային ծառայությունների և  Ազգային անվտանգության ծառայության վրա: Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, բավականին նուրբ ակնարկ է առ այն, որ  դեպքի վայրի պահպանությունը  ոստիկանության կողմից բավարար մակարդակով չի կատարվում:  Փաստորեն մինչ այժմ, բացի ռազմական գործերից, որոնք անցնում են ՊՆ-ի վարույթներով, մնացած բոլոր դեպքերում դեպքի վայրի պահպանության խնդիրը դրված է եղել Ոստիկանության վրա: Այստեղ իրականում կա միջգերատեսչական շահերի շատ լուրջ բախում, որովհետև դեպքի վայրի պահպանումը՝ ներառյալ հայտնաբերված բոլոր իրեղեն ապացույցների և հետքերի արձանագրումը շատ կարևոր նախադրյալ են հանցագործության բացահայտման համար, որոնք հետագայում դրվում են գործի հիմքում: Ոստիկանությունը, փաստորեն առաջինն է առնչվում հանցագործության կամ որ նույնն է  դեպքի վայրի հետ և ունի բոլոր հնարավորությունները՝ տեղում որոշ հանցանշաններ թաքցնելու և այսպիսով հանցագործին պարտակելու:

Փաստորեն Քննչական կոմիտեն  ենթատեքստով դժգոհում է, որ ոստիկանության կողմից դեպքի վայրի պահպանությունը պատշաճ չի իրականացվում: Ոստիկանությունն, իր հերթին տարբեր առիթներով չի թաքցրել  իր դժգոհությունն առ այն, որ ոստիկանության կողմից մեծ դժվարությամբ ձեռք բերված հանցանշաններն ու իրեղեն ապացույցները, երբեմն անտեսվում են քննչական մարմինների կողմից և պատշաճ կերպով չեն օգտագործվում հանցագործության բացահայտման համար: Ավելին՝ շատ դեպքերում, անտեսելով  ձեռբերված ապացույցները,  անգամ գործ չի հարուցվում:

Հերացու փողոցում վերջերս տեղի ունեցած մահվան ելքով  ավտովթարից հետո բոլորին ի տես մի կին տանում էր  վթարի ենթարկված մեքենայից ընկած մակարոնով պարկը, իսկ տեղում գտնվող ոստիկանները  քայլեր չձեռնարկեցին:

Դրան հաջորդեց  Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ ՔԿ-ն  ոստիկանությանը հիշեցնում էր, որ ոստիկանությունը  օրենքով  իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր էր իրականացնել դեպքի վայրի պահպանություն : Դրան հաջորդեց նշված նախագիծը: Հերացու փողոցի դեպքը հրապարկային և բաց էր, բայց, հասկանալի է, որ բազմաթիվ այլ դեպքեր են լինում՝ առանց վկաների ու ականատեսների, որտեղ ոստիկանները կարող են շատ հնագիստ վերացնել հանցանշաններն ու ապացույցները: Հատկանշկան է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունը կատարվում է Նախագահի աշխատակազմից 2017 թվականի մայիսի 23-ին ստացված առաջարկության կատարման համատեքստում: Հավելենք նաև, որ դեպքի վայրի պահպանման կարգի հաստատումը վերապահվել է կառավարությանը: Դրանով, հավանաբար, կզբաղվի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 

Հայկ Դավթյան

,

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: