Գումբուրդոյի միջադեպը հարթելու փոխարեն կրակի վրա յու՞ղ են լցնում

Oct 09, 2017 Comments Off on Գումբուրդոյի միջադեպը հարթելու փոխարեն կրակի վրա յու՞ղ են լցնում

Նախորդ շաբաթ օրը Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի՝ հայ բնակիչների և տեղի իրավապահների բախման մասին հայտարարություն են տարածել Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետական ​​գրասենյակը: Առաջին տպավորությունը, որ կարելի է ստանալ այս հայտարարությունից, հետևյալն է. հեղինակները փորձել են, խնդիրը կարգավորելու փոխարեն, յուղ լցնել կրակի վրա՝ էլ ավելի բորբոքելով տեղի հայ բնակչության կրքերը: Եվ այսպես՝ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի վանքի բակում սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պատահար, տեղի բնակչության մի խմբի եւ օրինապահների միջեւ:

Խնդիրը ծագել է, երբ առանց նախնական համաձայնության բնակիչները փորձել են վանքի բակում հայկական ավանդական քարե խաչ, խաչքար տեղադրել.

Այստեղ 2015 թվականից ի վեր Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունն իրականացնում է վերականգնման աշխատանքներ: Պեղումների ժամանակ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վանքի բակում հայտնաբերվել են գերեզմաններ եւ մահացածների մնացորդներ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են այլ վայր, որտեղ էլ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել:

 

Թյուրըմբռնում է առաջացրել նաեւ վանքի ծագման հետ կապված տարածված ապատեղեկատվությունը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը հաստատում է, որ վանքի հետ կապված նկրտումներ չունի եւ վանքը վրացական է համարում:

Նախնիների գերեզմանները հարգելը վիճելի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ հարյուրամյակների ընթացքում վանքի բակում թե վրացիներ, թե հայեր, եւ թե այլ ազգությունների ներկայացուցիչներ են հուղարկավորվել եւ նրանց հարգելը մեր բոլորի պարտքն է:

Նշված հարցի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի համապատասխան հաստատությունների, Վրաստանի առաքելական-ուղղափառ եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագայում նիստերի ընթացքում քննարկման եւ փոխհամաձայնեցմամբ որոշում կայացնելու պատրաստակամություն, ստեղծված թեմաների շուրջ, որոնք իրավական եւ կրոնական բովանդակությունից բացի բարոյական նշանակություն էլ ունեն եւ իրավիճակի խաղաղ կարգավորման օրինակ կդառնան:

Բոլորին կոչ ենք անում.

Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով»:

Փաստորեն, վիրահայոց թեմը, ոչ մեկ  ոչ  երկուս, ենթարկվելով Վրաստանի հոգևոր և պետական իշխանության ճնշումներին, միանգամից ընդունել է, որ եկեղեցին վրացական է: Եկեղեցին, այո՛, համարվում է Վրաստանի պատմամշակութային ժառանգության նմուշ, և դրա  պահպանման ու վերականգնման համար Վրաստանի համապատասխան նախարարությունը կրում է պատասխանատվություն: Ցանկացած բազմազգ պետության համար սա միանգամայն բնական վիճակ է. եկեղեցին  մշակութային հարստություն է՝ անկախ նրանից այն հայկական է, թե վրացական: 10-րդ դարում՝ 964 թվականին, հայ քաղկեդոնականների կողմից կառուցված   Գումբորդոյի Սուրբ Համբարձման եկեղեցու պատկանելիության հարցը սկսած 1860-ական թվականներից Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից վիճարկվում է: Սուրբ Համբարձման եկեղեցին 10-12-րդ դարերում հանդիսացել է Ջավախքում քաղկեդոնական եկեղեցու եպիսկոպոսանիստ վայրը: Հայերն ու վրացիները քրիստոնյա ժողովուրդներ են, և նույն եկեղեցում կարող են մոմ վառել և՛ հայ, և՛ վրացի հավատացյալները: Գումբորդոյում վերջին 1000-ամյակում հայեր են ապրել, և այս մասին կան բազմաթիվ վկայություններ: Ոսկորները, որոնք հայտնաբերվել են պեղումների արդյունքում, տեղացիների նախնիների մասունքներն են, և դրանք վերաթաղելն ու գերեզմանին խաչքար դնելը տեղի հայ բնակչության իրավունքն է: Խաչքարի տեղադրումը խոշոր հաշվով անգամ կապ չունի եկեղեցու հայկական կամ վրացական լինելու հետ: Հատկանշական է, որ Գումբորդոյի բնակիչները, որ դեռևս ամռանը դիմել էին հայ և վրաց եկեղեցիների առաջնորդներին՝ խաչքարի տեղադրման թույլտվություն ստանալու խնդրանքով,  առ այսօր պատասխան չեն ստացել, փոխարենը նրանց ասվում է, որ եկեղեցին վրացական է:  Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, գտնվելով Վրաստանում, հասկանալի պատճառներով, չի կարող ասել այն, ինչ կարող է և պարտավոր է ասել Մայր Աթոռ Սուր Էջմիածինը: Իսկ Էջմիածինը առայժմ լուռ է:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: