ՀՅԴ-ում «Ոսկե ձկնիկի» ժամանակներ են

Oct 07, 2017 Comments Off on ՀՅԴ-ում «Ոսկե ձկնիկի» ժամանակներ են

Չնայած այն փաստին, որ շուրջ երկու տարի է բնապահպաններն ու Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքների բնակիչներն ահազանգում են Ամուլսարի հանքի շահագործման անդառնալի վտանգների մասին և պատկան մարմիններին հորդորում թուլ չտալ հանքի շահագործում, այդուհանդերձ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասկանը դաշնակցաբար առաջ է մղում ջայլամային քաղաքականությունը եւ հայտարարում, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում բողոքներ չկան:

Այսօր «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այս պնդումը վրդովեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին:

Վերջինս փոխանցեց տեղի բնակչության տագնապները Ամուլսարի ոսկու հանքի շահագործան հետ կապված: «Տեղի բնակչության տագնապները հստակ են, ապագայի մտահոգությունները շատ են, նույնիսկ, եթե հանրային բողոք չկա, դա չի նշանակում, որ կարող ենք մատների արանքով նայել ծրագրին», – ասաց պատգամավորը։ Նա հղում կատարեց մի շարք «հզորագույն կազմակերպությունների», որոնք Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին բացասական գնահատական են տվել։ «Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի ամբողջ հաշվետվությանը բացասական գնահատական է: Ես ուղղակի հորդորում եմ գործընկներին, որ ներդրումները շատ կարևոր են, բայց մեր համար շատ կարևոր է մարդը, հասարակությունը, և համալիր գնահատականը մարդակենտրոն եզրակացության հիման վրա պետք է հնչեցվի», – հավելեց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը, թեպետ, պատրաստակամություն հայտնեց հարցով հանրային քննարկում կազմակերպել, սակայն կիսվեց տպավորություններով՝ ասելով, որ այդ ամենն իրեն «Կիկոսի մահն» է հիշեցնում: Արծվիկ Մինասյանի այս դիտարկմանը արձագանքեց ԱԺ նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Այո, իրավացի եք, «Կիկոսի մահին» մենք էլ համաձայն չենք, բայց նաև համաձայն չենք, որ մեր բնությունը, միջավայրը Գիքորի կարգավիճակով հանդես գա»։

Նախարար Մինասյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում, և հանքավայրը չի շահագործվում։

Նշենք, որ ըստ բնապահպանական կազմակերպություննեի ուսումնասիրությունների՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում առաջացող ռիսկերը նախ և առաջ կապված են երկրի ռազմավարական ջրային պաշարների հետ, քանի որ հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները տեղաբաշխված են Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սևանա լճի ավազանի մեջ : Հանքավայրի շահագործման ընթացքում Որոտան-Արփա թունել կլցվեն նոր որակի թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրեր: Վտանգ է սպառնում նաեւ Ջերմուկ առողջարանային քաղաքին:

Իհարկե, ՀՅԴ-ական նախարարի համար այս ամենը հայտնի հեքիաթը պետք է հիշեցնի, քանզի այս կուսակցությունն իրեն բաժին հասած քվոտայով ընտրել է բնության հերն անիծելով գումար վաստակելու սկզբունքը: Անտառահատումներ, անտառապահերի նշանակումներ, հանքերի շահագործում եւ այլն, այս ամբողջը կյանքի է կոչվում շահախնդիր վերահսկողության ներքո եւ ՀՅԴ-ն, ի դեմս նախարարի լռության դիմաց, թանկ են վարձատրվում: Սա ՀՅԴ-ի համար Ոսկե ձկնիկի հեքիաթի ժամանակներ են:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: