Նոր մանրամասներ թիվ 118 դպրոցում կատարված դանակահարությունից. ինչու են կռվել 11-րդ դասարանի տղաները՝ պարզաբանում է տնօրենը

Sep 12, 2017 Comments Off on Նոր մանրամասներ թիվ 118 դպրոցում կատարված դանակահարությունից. ինչու են կռվել 11-րդ դասարանի տղաները՝ պարզաբանում է տնօրենը

Երևանի թիվ 118 ավագ  դպրոցում տեղի է ունեցել դանակահարություն երկու համադասարանցիների միջև, հարուցվել է քրեական գործ: Դեպքը տեղի է ունեցել դպրոցի տարածքում: Դանակահարված տղան տեղափոխվել է հիվանդանոց: Փաստինֆո գործակալության կողմից տարածված  տեղեկությունը Hayeli.am-ի հետ զրույցում հաստատեց  դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առաջին դասից հետո, դպրոցի տարածքում՝ այն հատվածում, որտեղ դասապրոցես տեղի չի ունենում. «Միջադեպի մասնակիցները երկուսն էլ սովորում են 11-րդ դասարանում, համադասարանցիներ են, մեր դպրոց եկել են անցյալ տարի՝ 10-րդ դասարան: Տղաները երկուսն էլ միջին առաջադիմություն ունեն, իսկ պատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող: Հարուցվել է քրեական գործ, մնացած հարցերի պատասխանները կտան իրավապահները»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ բարեբախտաբար տղայի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է բժիշկների հսկաղության տակ:

Նրա խոսքով՝ նախկինում միջանձնային հարաբերությունների խնդիր տղաները չեն ունեցել, համենայն դեպս ուսուցիչները նման բան չեն զգացել: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը՝ Կ. Հովակիմյանը դժվարացավ նշել: Նա նաև տեղեկացրեց, որ, ինչպես Երևանի շատ այլ դպրոցներում,  թիվ 118 դպրոցում ևս ոստիկանության կողմից իրականացվում է հերթապահություն. «Մեր դպրոցում հերթապահություն անող տեսուչը կցված է մի քանի դպրոցների, դեպքի պահին նա դպրոցում չէր, այլ դպրոց էր գնացել»:

Նշենք, որ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ քնչչական կոմիտեն, որտեղ մասնավորապես նշվում է. « ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։ Սեպտեմբերի 12-ի առավոտյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականի ծնված պատանի։

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածը դպրոցական է և վնասվածքն ստացել է դպրոցում՝ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անչափահասի ինքնությունը պարզվել է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: