Հայրիկյանն այդ հարցով ավելի վաղ է Կարեն Կարապետյանի հետ մասնավոր զրույց ունեցել

Aug 16, 2017 Comments Off on Հայրիկյանն այդ հարցով ավելի վաղ է Կարեն Կարապետյանի հետ մասնավոր զրույց ունեցել

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը մի քանի օր է բուռն քննարկման թեմա է դարձել: Ընդդիմադիր ուժն առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անուններ: Սեպտեմբերին մեկնարկող նիստերին պատրաստվում են սկսել քննարկումները: Մի քանի անուններ են հրապարակել,օրինակ ստալինյան ժամանակաշրջանի Խորհրդային Հայաստանի գործիչների՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անունները: Իշխանության շրջանակներում միանշանակ չի ընդունվել առաջարկը, համարում են, որ չի կարելի պատմությունը ջնջել: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, խոսելով նախաձեռնության մասին, նկատեց, որ առողջ բանականությանը չի կարելի հակադրվել: <<Գլուխները քարով են տալիս>>, քննադատողների մասին արձագանքեց նա:

Պարզվում է՝ պարոն Հայրիկյանը տարիներ առաջ անձամբ է բարձրաձայնել խնդիրը.<<Մասնավորապես Ամիրյան փողոցը, որը կարծեմ Համբարձում Գալստյանի օրոք անվանակոչվում էր Վռամշապուհ արքայի անունով, որը Վանոն վերականգնեց: Ես իմ գրքում այդպես էլ գրել եմ՝ պատկերացրեք ինչ-որ անհայտ բոլշեւիկ լակոտի անունով…>>: Երբ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ էր, Հայրիկյանը այդ թեմայով մասնավոր զրույց է ունեցել.<<Ասում էր՝ նախ պետք է սկզբունքային գնահատական տանք, այն է՝ ցանկացած անուն պետք է օրինակելի երեւույթների աղբյուր դառնա:

Օրինակ, եթե կոչում ենք Վռամշապուհի անունով, հիշում եք, որ նա այն թագավորն էր, որ անցումային դարաշրջանում Մեսրոպ Մաշտոցին հանձնարարեց եւ ֆինանսավորեց տառերի ստեղծման համար:Կամ ասենք Կասյան փողոցը կոչվեց Սիամանթոյի անունով, բայց հետո նորից վերաանվանափոխեցին:Օրջոնիկիձեն փոխվեց Գրիգոր Լուսավորիչ դարձավ, արդյոք վատ է: Այսինքն, մի անգամ նման բան եղել է արդեն>>:

Նշենք, որ քննադատողների մեծ հատվածը կարծում է, որ փողոց փոխելով հնարավոր չէ մտածողություն փոխել.<<Հետո ի՞նչ, բոլշեւիզմը 70 տարի նստա՞ծ չէ>>:

Հայրիկյանը չի կարող կանխատեսել, թե քաղաքային իշխանությունն ինչպես կարձագանքի Ելք-ի առաջարկին, ամեն դեպքում կարծում է, որ Հայաստանի բնակչությունը 1991 թվականին իր անկախացմամբ է դիրքորոշում հայտնել, որ հրաժարվում է սովետական Հայաստանից ու հռչակում Հայաստանի Հանրապետություն.<<Կիրովականը դարձավ Վանաձոր, Լենինականը՝ Գյումրի, թեպետ ճիշտ կլիներ Կումայրի դառնար, այսինքն գործընթացը սկսվել է ավելի վաղ, բայց քանի որ չեկիստ շանորդիք եկան իշխանության եւ ԿԳԲ-ն դարձավ ընդհատակյա կուսակցություն, գործընթացը զարգացում չապրեց>>:

Հայրիկյանի խոսքով մինչդեռ հայ ժողովրդի՝ սովետակա արժեհամակարգից հրաժարվելու որոշումից հետո քաղաքական գործիչներն իրենց խնդիրը պետք է համարեին իսկապես հրաժարվել բոլշեւիզմից: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե պատրաստ է քննարկել մայրաքաղաքում բոլշևիկների անուններ կրող փողոցներն ու դպրոցները անվանափոխելու հարցը։ Քաղաքապետն ասել է, որ դեռ առաջարկը չեն ստացել, բայց մամուլից լսել է նախաձեռնության մասին։ «Առաջարկները հասկանանք՝ հետո մեր կարծիքը կհայտնենք անպայման»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: