Ելք-ը գուժեց Կարեն Կարապետյանի մոտալուտ հրաժարականը

Jul 07, 2017 1 Comment

Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումն ի տարբերություն հանձնաժողովների, բավականին աշխուժ է անցնում։ Կարեն Կարապետյանի կառավարությանը քննադատում են բոլորը, չեն աջակցում եւ ոչ մեկը։ Երեւի այս պատճառով Կարեն Կարապետյանը կեսից հեռացավ Ազգային ժողովից, բայց դա չխանգարեց պատգամավորներին թիրախավորել վարչապետին։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ներդրումների մասին հարցերին կառավարության ներկայացուցիչները խուսափում են պատասխանել, որովհետև, ըստ նրա, չկա ասելիք:

«Ասում են՝ կներկայացնենք, բայց որևէ փաստ չի ներկայացվում: Փոխարենը լսեցինք արտաքին տնտեսական շոկերի մասին, որ եթե տրանսֆերտները չլինեին, ՌԴ-ի սանկցիաները չլինեին, պղնձի գները չիջեցնեին։ Կիկոսի մահի նման մի պատմություն, մեր վիճակն ավելի լավ կլիներ: Իհարկե, արտաքին շոկերն ազդեցություն ունի, բայց տնտեսությունն ունի իր անվտանգության բարձիկները: Զոհրաբյանը հորդորեց Ծառուկյանի առաջադրած 15 քայլերը կյանքի կոչել: «Արժանապատվությունից ցածր չէ, որ օգտվեք այդ առաջարկներից՝ այս վիճակից դուրս գալու համար, ինչ է, թե դուք չեք գրել»,- ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին միասին դուրս գալ փողոց եւ քաղաքացիների աչքերին նայելով՝ հասկանալ, թե բյուջեն կատարված է, թե ոչ:

«Հիմա կմտածեն, որ փորացավ ունեմ հոծ բազմություն այստեղ տեսնելու, բայց բյուջեի կատարողականի լրջությունն ուղղակի կապված է նրա հետ, թե Կառավարության քանի անդամ է այստեղ ներկա: Սա այն հարցը չէ, որ Կառավարությունը 1/3-րդով պետք է մասնակցի, ես եմ, կարող է ոլորտային հարց ունեմ: ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի եւ հաջորդ հանդիպման մասին պայմանավորվելով սիրառատ հայացքով հեռանանք: Այո, պետք է քննադատենք այնքան, որ քննադատությունը տեղ հասնի» ասաց նա։ Իսկ Ելք դաշինքի պատգամավորները խնդրին գլոբալ առումով մոտեցան ներիշխանական հակամարտության տեսանկունից՝ թերեւս փորձ անելով իրենց վրայից թոթափելու այն մեղադրանքները, որ կառավարության ծրագրի ժամանակ նախագահականի հրահրմամբ բմբլահան արեցին Կարեն Կարապետյանին։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն կրկին անդրադարձավ իշխանական թևում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշեց, որ 2016 թվականը հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Այս իմաստով, ըստ նրա, կարևոր է քննարկել, թե ինչո՞ւ պաշտոնանկ արվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կարելի է ասել, որ իրոք վատն էին 2016 թվականի տնտեսական ցուցանիշները, բայց փորձը ցույց է տվել, որ առնվազն մի քանի տարի մենք ունեցել ենք, որ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում կառավարություններին ու վարչապետերին որևէ բան չի սպառնացել, նրանք շարունակել են պաշտոնավարել: Ուզում եմ հասկանալ՝ 2016-ի հուլիսյան դեպքերից էդ ինչն էր, որ չներվեց Հովիկ Աբրահամյանին: Օրինակ, ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այդ նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան չներվեց: Ի՞նչը և ինչո՞ւ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի ենթադրութկամբ՝ Հայաստանը հենց այդ ժամանակներից թևակոխում էր իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, և Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ հնաբնակներից լինելով՝ 2017-18 թվականներին կարող էր իր շուրջը կոնսոլիդացիա անել՝ այսպիսով խառնելով Սերժ Սարգսյանի՝ բոլորին հայտնի պլանները:«Եվ իմ խորին համոզմամբ ամենագլխավոր պատճառը սա էր, որ Հովիկ Աբրահամյանը հեռացվեց», ասաց նա՝ ըստ ամենայնի Կարապետյանին գլխի գցելով, որ նույն ճակատագիրը սպասում է իրեն։

Նա հիշեցրեց Կարեն Կարապետյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքերը, թե ինքը չի մտնում այն անձանց շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018 թվականին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, և որ ինքը պատրաստ է 2018 թվականին լինել վարչապետ: Այդ հայտարարությունն, ըստ Փաշինյանի, հետաքրքիր է ու ներքաղաքական իրավիճակը փոխելու պոտենցիալ իր մեջ պարունակում է:«Սա չէր կարող չհասկանալ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, և պատճառներից մեկն էլ դա էր, որ այդ նիստից մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանը հայտնվեց կառավարության նիստում և շատ ուղիղ որևէ բան չասաց, բայց պատկերը շատ խոսուն էր: Կառավարության նիստին Սերժ Սարգսյանը նստած էր այն տեղում, որտեղ վարչապետերն են նստում, իսկ գործող վարչապետը նստած էր այն տեղում, որտեղ սովորաբար նստում են նախարարները»,- ասաց նա:Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երբ նախարարները հարցազրույցներ են տալիս, շեշտում են՝ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս են անում կամ այն:

Տպավորություն է, որ վարչապետից ընդհանրապես հանձնարարություններ չեն ստանում:Վարչապետի հայտարարության շրջանակներում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ուզեն թե չուզեն, քաղաքական ուժերը և ընդհանրապես հանրային քաղաքական կյանքում ընդգրկված սուբյեկտները պետք է որոշակի դիրքավորվեն: Դա ներքաղաքական իրավիճակը որոշակի փոխելու պոտենցիալ ունի իր մեջ:«Ուզում եմ ձեզ ասել, որ Ելք դաշինքը և Ելք խմբակցությունը չեն մտնում այն մարդկանց ու ուժերի շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018 թվականին ստանձնել վարչապետի պաշտոնը», հավելեց նա:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ելք-ը գուժեց Կարեն Կարապետյանի մոտալուտ հրաժարականը” հրապարակմանը

  1. Hakob M. says:

    • Տռասայի վրա նախկին մոշ ծախող, ստախոսությունն ու խաբեությունն, որպես նորմ իր մեջ ներծծված, օտարի դրածո <> բարոյախեղված ներկա այլանդակ ղեկավար սրիկա խեռժիկի մեջ միայն կուտակվել է, սողալով, քծնելով, կաշառելով, սրան նրան գցելով, պաշտոններ զավթելու, նորմալ մարդուն Ոչ յուրահատուկ , արատավոր էժանագին ( дешевый) գործելաոճը: Այս քննարկումներից էլ անմիջապես զգացվում է, որ այդ լկտի դավադիր իրեն համակիր թայֆեցիների ջանքերով , հող է նախապատրաստում 2018թ իրեն տեսնել արդեն վարչապետի պաշտոնում… Այն ինչ համամարդկային ընդունված կանոներով, յուրաքանչյուր անհատի, Հատկապես Հայի մոտ պիտի գերակայի , շրջապատի նկատմամբ միայն ՍԻՐՈ Ու ԽՂՃԻ ատասխանատվություն ու պարտավորություն ունենալու անհրաժեշտությանը….