Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը այցելում է Հայաստան

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Մայիսի 22-ից 25-ը կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, տեղեկացնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր:

«Ես և իմ գործընկերները անհամբերությամբ ենք սպասում Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կայանալիք այցին, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Տարածաշրջանը Եվրոպական միության համար  կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքականության կարևոր գործընկեր: Ունենք բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ` մասնավորապես տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, ինչպես նաև  առևտրի խթանման առումով. Միաժամանակ հետամուտ ենք գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացմանը՝  բարձր պահելով մեր  արժեքները ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները», այցին ընդառաջ նշել է Նախագահ Մքալիսթերը:

Դեյվիդ Մքալիսթերին պատվիրակության կազմում կուղեկցեն Եվրոպական խորհրդարանի հետևյալ յոթ անդամները՝  Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Զելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Անդրեյս Մամիկինսը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Լատվիա), Անգել Դժանբազկին (Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ, Բուլղարիա), Իվո Վայգլը, (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միություն կուսակցություն, Սլովենիա) Հելմուտ Շոլցը (Միավորված եվրոպական ձախ ուժերի խումբ, Գերմանիա) և Հերդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա):

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը այցելում է Հայաստան”

Մեկնաբանել