Նորաթուխ «վոյաժներ»

May 20, 2017 Comments Off on Նորաթուխ «վոյաժներ»

Մե քե՜ֆ, մե ուրախությու՜ն…Ազգային ժողովում բարձր տրամադրություն էր, պատգամավորների սեպտեմբերի 1-ը, ոմանց համար առաջին զանգը, ուրիշների դեպքում հաշիվը կորցրած զանգը: Բոլորը առաջին նիստին ներկայացել էին նոփ-նոր կոստյումներով, նոր սանրվածքներով:
Ովքեր առաջին անգամ էին մանդատ ստացել, շփոթված այս ու այն կողմ էին գնում, մոլորվում խորհրդարանի ոլոր-մոլոր միջանցքներում, օգնության էին հասնում փորձառու գործընկերները: ՀՀԿ-ականները ԲՀԿ-ի միջանց էին մտնում եւ ճիշտ հակառակը: Մի խոսքով՝ իսկական Սոդոմ-գոմոր: Միհրան Պողոսյանը իրեն զգում էր ինչպես տանը, դահլիճում փռվում էր աթոռին, հետո իջնում բուֆետ, որտեղ  էլ ավելի ազատ էր զգում: Նա երկար անցկացրեց բուֆետում Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի, գյումրեցի Արման Սահակյանի ու Կոտայքից ընտրված Անդրանիկ Հարությունյանի սեղանակցությամբ:Անկաշկանդ շփվում էր լրագրողների հետ, նկարահանվում տեսախցիկների առաջ հարմար դիրք ու հայացք ընդունելով: Նրա կողքին խամրել էր անգամ ոստիկանապետից ոչ պակաս թատերական պահվածք ունեցող փեսայի դերասանական տաղանդը: Գագիկ Բեգլարյանի եղբայրն էլ իրեն սրտակից ընկեր էր գտել՝ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, ում հետ միասին ամբողջ օրը ԱԺ շենքը ոտատակ տվեցին: Զույգ էին կազմել Հարություն Կարապողոսյանն ու Սյունեցի պատգամավորը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ու իր խնամի Նաիրի Սահակյանը:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր անընդհատ փնտրտուքների մեջ, իսկ Ծառուկյան դաշինքի կանայք իրար պոչից պոկ չէին գալիս: Մոլորյալ հայացքներով էին շրջում դաշինքի  ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելու միջոցով մանդատ ստացած պատգամավորները, չգիտեին ուրախանային, զուսպ լինեին, որովհետեւ դեռ հայտնի չէ իրենց գլխի գալիքը: Ծառուկյանի ձեռքում է իրենց բախտը: Ազգային ժողով երկնքի արքայություն էր բերել Վարդան Ղուկասյանը, վերեւում Աստված, ներքեւում՝ Վարդան Ղուկասյանը: Նա խառնել էր ԱԺ-ն եկեղեցու հետ ու մեղքերի թողություն էր հայցում: «Նարեկացին ասում է՝ ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները՝ մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ, դարձյալ չէին կարող գրել իմ մեղքերի մեկ հազարերորդ մասնիկը, եթե Ներսես Շնորհալին իր Հավատով խոստովանիի» 24 տների վերջում ասում է՝ «Եվ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս», եթե նրանք բազմամեղ էին, ինձ պես եղկելիս ու թշվառականս ավելի շատ, քան որեւիցե մեկը: Ամենամեղավոր մարդը ես եմ բոլորիցդ: Եթե մեղք չունեք, ուրեմն ապրեք»: Նա նեղսրտել է, որ լրագրողները չեն լուսաբանում, որ ինքը եկեղեցի է կառուցում, եկեղեցի կառուցելով՝ կարծում եք Աստված ձեր մեղքերը ներելո՞ւ է հարցին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Երանի եկեղեցի շինողին»:

Բնականաբար իրենց կայուն դիրքերում էն գեներալները, հատկապես լրագրողների ուրախություն Սեյրան Սարոյանը:
Երբ նրանից  հետաքրքրվեցին՝  ո՞վ է ներքին թշնամին, ում մասին իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը: «Դուք եք, ո՞վ ա»,- արձագանքեց Սարոյանը:Ինչպես ասում են ճշմարտությունը կամ երեխայի խոսքերից, կամ…

Արգամ Աբրահամյանը գերազանցեց քաղաքական հոտառություն ունեցող հայրիկին ու լրագրողների ձեռնարկած օպերացիայիցանվնաս դուրս եկավ:«Խմբակցությունն ինչ դիրքորոշումով շարժվի առաջ, ես էլ այդպես կանեմ»,- ի պատասխան ասաց Արգամ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ընդդիմադի՞ր պատգամավոր է լինելու: Հարցին`պահանջելու՞ է իշխանության հրաժարականը, նա  պատասխանեց. «Բայց ո՞վ է պահանջում հրաժարական»:

Արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ իր հայրը նեղացած է իշխանություններից, Արգամ Աբրահամյանն ասաց. «Ոչ, նեղացած չէ»: Առաջիկայում բազում առիթներ կլինեն այս մարդկանց էլ ավելի մոտիկից շփվելու, բացահայտելու համար:

Անի Սահակյան

լուսանկարը՝ Հրապարակի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: