Էլեկտրացանցի պետը սպառնում է ուսումնական հաստատության տնօրենին

Apr 21, 2017 Comments Off on Էլեկտրացանցի պետը սպառնում է ուսումնական հաստատության տնօրենին

Hayeli.am-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ Հրազդանի էլեկտրական ցանցի պետ Արամ Հարությունյանը ապրիլի 20-ին պատրաստվում է հոսանքազրկել ՀՀ ԿԳՆ <<Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ը: Այդ տեղեկությունը մեզ հաղորդեց ուսումնական հաստատության տնօրեն Անդրանիկ Սարիբեկյանն անձամբ՝ պնդելով, որ որոշումն ապօրինի է:

<<Անհեթեթ ու անհասկանալի հաշվարկներով՝ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերության <<Գեղամա>> մասնաճյուղի տնօրեն Կարմեն Մնացականյանն ու <<Հրազդան>> էլեկտրացանցի պետ Արամ Հարությունյանը համարում են, որ ուսումնարանը հունվար ամսվա համար դեռ իրենց պարտք է 36. 855.4 (երեսունվեց հազար ութ հարյուր հիսունհինգ դրամ, չորս լումա) դրամ: Այսինքն՝ այս մարդիկ համառորեն պնդում են, թե իբր ուսումնարանի հաշվիչը հունվար ամսին թերի է աշխատել՝ 1640 կվտ/ժ-ի փոխարեն՝ մեր կազմակերպության էլեկտրաէներգիայի ծախսը, ըստ նրանց, պիտի լիներ 820 կվտ/ժ-ով ավելի՝ 2460 կվտ/ժ: Մինչդեռ հաշվիչն արձանագրել է 1640 կվտ/ժ ծախս, որը ժամանակին վճարվել է: Բայց նրանք պնդում են, որ եղել է էլեկտրաէներգիայի թերֆիքսում, և դեռ մի բան էլ մեզ տույժ են նշանակել՝ ընդհանուր առմամբ մեզ վերագրելով ավելի 37. 000 (երեսունյոթ հազար) դրամի պարտք: Եվ հիմա Արամ Հարությունյանը գրավոր հիշեցնում է, ավելի ճիշտ՝ սպառնում է, այսպես կոչված, պարտքը չմարելու դեպքում հոսանքազրկել մեր հիմնարկը>>,- զայրացած նշում է Ա. Սարիբեկյանը:

Մեր հարցին, թե էլեկտրացանցից ինչպես են հիմնավորում հաշվիչի թերի աշխատանքը, և ինչ կապ ունի դրա հետ ուսումնարանը, տնօրեն Սարիբեկյանը մեկնաբանեց. <<Նրանք պնդում են, թե իբր հաշվիչը էլեկտրաէներգիայի թերֆիքսում է կատարել, և այդ, այսպես կոչված, թերի աշխատանքը, կապում են այն հանգամանքի հետ, թե հաշվիչը գտնվում է մեր ՊՈԱԿ-ի սեփականությունը հանդիսացող էլեկտրական ենթակայանի տարածքում. ուրիշ հիմնավորում չունեն:

Նախ այդպիսի թերություն չկա. դա չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է հաշվիչին, ապա նրանք սույն թվականի մարտի 24-ին մեզ պատասխանած առաջին գրության մեջ նշում են, բառացի մեջբերում եմ, <<նշված թերությունը պայմանավորված չի բաժանորդի գործողություններով>>: Հետևաբար, եթե թերություն էլ կա, ապա դա իրենց մեղքով է: Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ էլեկտրացանցի աշխատողների կողմից ընդամենը 2016 թվականի հուլիսին փոխված, ստուգված և տեղադրված, շուրջ 6 ամիս անխափան աշխատած հաշվիչը հանկարծ սկսում է վատ աշխատել: Էլեկտրացանցի ոչ մի աշխատող այդ հարցի պատասխանը չի տվել: Նրանք չեն պատասխանել նաև այն հարցին, թե, օրինակ, ինչու է, իրենց իսկ բնորոշմամբ, հաշվառքային սարքերի երկրորդային շղթայում առկա հաղորդալարի խզում, եթե սպառողի կողմից որևէ միջամտություն չի եղել: Միգուցե նրանք պատճառը գիտեն և դիտավորյալ լռո՞ւմ են. ես բոլոր կասկածներն ունեմ այդպես մտածելու, որովհետև 2016 թ. հուլիսին նրանք իմ պահանջով են փոխել հաշվիչը, որովհետև ես հայտնաբերել եմ, որ հաշվիչն աշխատում էր ինքնապտույտով՝ մեզ համար արձանագրելով հարյուրավոր կվտ/ժ էլեկտրաէներգիայի անիմաստ ծախս: Հաշվարկի մասով՝ ես ունեմ հետևյալ փաստերը: Իմ՝ 15.03. 2017թ., 29.03.2017թ. և 18.04.2017թ. գրություններով ես էլցանցին հանգամանալից, հիմնավոր բացատրել եմ, որ էլեկտրաէներգիայի թերֆիքսում չի եղել, որ էլեկտրաէներգիայի հունվար ամսվա ծախսը՝ 1640 կվտ/ժ, միանգամայն տրամաբանական է և իրական, որ դասերն սկսել ենք հունվարի 16-ից, հունվարի 1-ից մինչև 8-ը եղել են տոնական օրեր, իսկ 9-16-ը, հասկանալի պատճառներով, ծանրաբեռնված չենք աշխատել: Իսկ նրանք, անտեսելով այս փաստերը, 2017թ. հունվար և 2016թ. դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի ծախսը նույն հարթության վրա են դրել և հունվարին մեզ վրա գրել են այնքան ծախս, որքան դեկտեմբերին՝ 2460 կվտ/ժ-ի պարտք>>:

Ենթադրենք, թե էլեկտրաէներգիայի թերֆիքսում է եղել. այդ դեպքում ինչպե՞ս են հաշվել 820 կվտ/ժ, ոչ թե, ասենք, 120 կվտ/ժ: Մեր այս հարցին ի պատասխան՝ ուսումնարանի տնօրենը կատակով պատասխանեց. << Ինձ էլ է հետաքրքիր՝ որտեղի՞ց նրանց այդ հաշվարկը, ի՞նչ թվաբանությամբ և ի՞նչ մեթոդաբանությամբ են հաշվել՝ չգիտեմ: Ես հարցին նայում եմ տրամաբանական տեսանկյունից. 2016 թ. դեկտեմբերին աշխատել ենք ամբողջ ծանրաբեռնվածությամբ, իսկ 2017 թ. հունվարին՝ կես ամիս, հետևաբար ինչպե՞ս կարող էր ծախսը նույնը լինել: Եթե նրանց այս բացատրությունն էլ չի բավարարում, կարող ենք վերցնել այդ երկու ամիսների օրական միջին ծախսերի ցուցանիշները. 2016 թ. դեկտեմբերի համար այն կկազմի 82 կվտ/ժ, 2017 թ. հունվար ամսվա համար՝ 54 կվտ/ժ: Այնպես որ՝ ամեն ինչ իրական է, և մենք ոչ մի լումա պարտք չենք: Ավելին. ես՝ որպես ուսումնարանի տնօրեն, չեմ ստորագրել էլցանցի ներկայացրած ակտի տակ և նրանց գրավոր իրազեկել եմ, որ չեմ ընդունում իրենց հաշվարկը: Հիմա նրանք անցել են սպառնալիքների մեթոդին և հայտարարում են, թե հոսանքը կանջատեն: Ես էլ հայտարարում եմ, որ առանց դատարանի որոշման՝ նրանք նման բան անելու իրավունք չունեն, և ես թույլ չեմ տալու, որ որևէ էլեկտրիկ մտնի ուսումնարանի տարածք»,- հայտարարեց Ա. Սարիբեկյանը՝ հավելելով, որ չնայած սեփականատիրոջ փոփոխությանը՝ էլցանցը դեռ աշխատում է սովետական մեթոդներով և փորձում է սպառողից, հատկապես եթե այն պետական ընկերություն է, ամեն գնով փող կորզել: Մինչդեռ ուսումնարանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ պետության հատկացրած գումարները առանց այդ էլ սուղ են: Բացի այդ՝ սա առաջին հերթին նաև սկզբունքի հարց է. «Ես կուզենայի այս հարցի վրա սևեռել նաև ՀԷՑ-ի սեփականատիրոջ, իմ կողմից շատ հարգված անձնավորության՝ պարոն Սամվել Կարապետյանի և մեր վարչապետի՝ պարոն Կարեն Կարապետյանի ուշադրությունը: Նրանք տեղյա՞կ են, թե ինչ ոճով են աշխատում ՀԷՑ-ի մասնաճյուղերը: Ներողություն, ո՞վ է էլցանցի պետը, որը սպառնում է հոսանքազրկել ուսումնարանը: Ո՞վ է ասել, որ էլեկտրիկի կազմած ակտը վերջին ատյանի ճշմարտություն է, և եթե նա մի թիվ է գրել, ուրեմն ես անպայման պետք է վճարեմ: Այս մարդիկ չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ, որ սպառողը միշտ ճիշտ է: Անգամ պաշտոնական գրագրության մեջ նրանք գոնե մի անգամ, քաղաքավարության կանոններից ելնելով, ներողություն չեն խնդրել տեխնիկական խնդիրների համար. կարծես թե ես եմ մեղավոր իրենց կողմից տեղադրված հաշվիչի որակի համար: Սա այն դեպքում, երբ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը մշտապես պարտաճանաչ է եղել վճարումների հարցում>>: Տնօրենը պնդում է, որ ինքը չի պատրաստվում ենթարկվել Հրազդանի էլեկտրական ցանցի պետի ապօրինի պահանջին և պատրաստվում է գնալ մինչև վերջ:

Հայկ Դավթյան

Հ.Գ. Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև էլցանցի տեսակետը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: