Հանգստացե՛ք պարոն, հասկացանք… «մետ» չեք, «կից» եք

Apr 13, 2017 Comments Off on Հանգստացե՛ք պարոն, հասկացանք… «մետ» չեք, «կից» եք

«Ելք» դաշինքը չի կարող խորհրդարանում համարվել արևմտյան թև, քանի որ իրենք պայմանավորվել են, որ դաշինքը «մետ» չի կարող լինել։ Սա տարիներ շարունակ արևմտամետ ելույթներ ունեցող, Հայաստանն անգամ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու երազանքներ ունեցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ, Արամ Զավենի Սարգսյանի խոսքերն են:

NEWS.am-ին տված հարցազրույցում Արամ Սարգսյանը որոշել է որոշ կարևոր «պարզաբանումներ» տալ ու, հավանաբար, ունի դրա համար հիմնավոր դրդապատճառներ: Ահա նա նշել է, թե «մետ» բառը մեզ մոտ վատ է ընկալվում, և պիտի ասեմ, որ մենք պայմանավորվել ենք, որ դաշինքը «մետ» չէ։ Մենք գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահից և ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, թե մեր քաղաքացիները ինչ մոդելի պետություն են ուզում, կյանքի, կենցաղի ինչպիսի պայմաններ են ուզում, հնարավորության դեպքում իրենց երեխաներին, որտեղ են ուզում, որ շարունակեն կրթությունը… Մենք կերպով եվրոպական ժողովուրդ ենք, ասիական չենք։ Ճիշտ է, մարդիկ կան, որ Դուբայում եղել են, Դուբայն են սիրում, բայց, ընդհանուր առմամբ, մենք եվրոպական տիպի ժողովուրդ ենք: Այո, «Ելք» դաշինքը աշխարհաքաղաքական մոտեցումների առումով Ազգային ժողովում ներգրավված միակ ուժն է, որը Հայաստանի ապագան տեսնում է եվրոպական մոդելի պետություն դառնալու մեջ»,–ասաց Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե քանի որ «Ելքը» եվրոպական մոդելի պետություն կառուցելու ճանապարհով են գնալու, կարելի՞ է ասել՝ «Ելք» դաշինքը խորհրդարանում լինելու է արևմտյան թևը, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, չի կարելի մեզ ասել արևմտյան թև, մենք 122 հազար 49 մարդու թևն ենք խորհրդարանում, որը Հայաստանի Հանրապետության շահն է ուզում, մենք 122 հազար 49 մարդու թևն ենք, որը մեզ ձայն տալով՝ ուզում է եվրոպական մոդելի պետություն կառուցել»։

Սա խոսում է մի մարդ, որը անցյալ հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի եթերից ազդարարեց, որ` «արևմտամետ ընդդիմադիր դաշինք է ստեղծում»: Էլ չհիշեցնենք հոկտեմբերից առաջ Արամ Զավենի Սարգսյանի բազմաթիվ «արևմտամետ» ելույթները: Բայց այն ժամանակ խորհրդարան մտնելու հարցերը, հավանաբար, լուծված չէին, և նրան դեռևս չէին արգելել «սահմաններից դուրս չգալ»: Հիմա խորհրդարան մտնելու խնդիրը լուծված է ու Արամ Զավենի Սարգսյանի առաջ դրել են պայման, նա էլ սկսել է մեկումեջ խմբագրել իր «արևմտամետ» դիրքորոշումը:

Դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները, արդեն քարոզարշավի ժամանակ Արամ Զավենի Սարգսյանը սկսեց առանձնանալ աշխարհաքաղաքական հարցում ունեցած հստակ դիրքորոշումը լղոզելու, «դոնդողային» դիրք բռնելով, որը հատուկ է այն դեպքերում, երբ մարդը ինչ-որ խնդիր ունի լուծելու, բայց նրան խանգարում է նախկինում թույլ տված անզգույշ հայտարարությունները:

«Ելք» դաշինքում հայտնվելով` Արամ Զավենի Սարգսյանը սկսեց կրկնել Նիկոլ Փաշինյանի` «մենք ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ» հայտնի, լղոզված, անողնաշար, «դոնդողային» դիրքորոշումը, ինչը արդեն վկայեց այն մասին, որ Արամ Զավենի Սարգսյանը համաձայնել է մտնել որոշակի սահմանների մեջ, ինչը իր հերթին նշանակում է, որ նա իրական գաղափարական գործիչ չի եղել, քանզի նրա ունեցած երբեմնի դիրքորոշումները հօդս են ցնդել` ի օգուտ Նիկոլ Փաշինյանի լղոզված դիրքորոշման: Իսկ դա ընդամենը քաղաքական դաշտում «ջրի երեսին» մնալու պայման է, ուրիշ ոչինչ:

Եթե Արամ Զավենի Սարգսյանը նման «դոնդողային» կեցվածք չորդեգրեր ու հետ չկանգներ իր խոսքերից, ապա ով գիտե՞, գուցե նա այսօր խորհրդարանում չլիներ…

Բայց ինչպես երևում է, Արամ Զավենի Սարգսյանն էլ ի վերջո կերտեց Հայաստանի քաղաքական դաշտի համար ամենակարևոր դասը. եթե Ռուսաստանին շատ խփես, տեղ չես ունենա: Ու հիմա մի քանի ամիս է, ինչ Արամ Զավենի Սարգսյանը անգիր արած, ինքնամոռաց պարզաբանում-արդարանում է` «ես արևմտամետ չեմ…», ես «ես մետ չեմ…», ես «մետ չեմ…»:

Հանգստացե՛ք պարոն, հասկացանք… Եթե դուք արդեն խորհրդարանում եք` չեք կարող «մետ» լինել: Դուք կարող եք միայն «կից» լինել այսօրվա քաղաքական դաշտի «խաղի կանոններին»: Այն կանոններին, որը ձեր փոխարեն գծել ու իրագործում է Նիկոլ Փաշինյանը, դուք էլ հլուհնազանդ իրականացնում եք ձեր բաժին դերը:

Այնպես որ` վայելեք ձեր մանդատը, միայն թե շաբաթը մեկ անգիր արած մի երգեք` «ես արևմտամետ չեմ…», ես «ես մետ չեմ…», ես «մետ չեմ…»

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: