Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան

Ապրիլի 13-ի կեսգիշերին տեղեկություններ էին ստացվել, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ: Ըստ տարբեր տեղեկությունների, Իրանն արձակել էր 170 անօդաչու, 30 թևավոր, 120 բալիստիկ հրթիռ, և, որ Իսրայելի ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանց 99 տոկոսը: Իսկ արդեն ապրիլի 14-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին հայտարարել էր, որ Իսրայելի դեմ գործողությունները շարունակելու մտադրություն չունեն, «Ճշմարիտ խոստում» օպերացիան հաջողությամբ ավարտված են համարում, իհարկե, եթե Իսրայելը պատասխանի, կլինեն այլ գործողություններ։

Բայց ավելի ուշ պարզվել էր, որ սկզբում Իսրայելը որոշել էր հարձակվել Իրանի վրա կիրակի վաղ առավոտյան, սակայն ծրագիրը չեղյալ էր համարվել վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում վստահեցրել էր՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը լայնածավալ պատերազմի չի վերածվի:

Ինչ խնդիր լուծեց Իրանը, ինչ՝ Իսրայելը, կարո՞ղ ենք ասել, որ եղավ պարտվող և հաղթող՝ թեկուզ քաղաքական հարթությունում, քանի որ կարծիքները տարբեր են, անգամ պայմանավորված բեմականացման մասին են խոսում որոշ փորձագետներ։

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

– Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է՝ «Ճշմարիտ խոստում» օպերացիան սահմանափակ հարվածի բնույթի, վրիժառության պատասխան գործողություն էր, որը խոցեց կոնկրետ ռազմական ենթակառուցվածքներ` Իսրայելի տարածքում։ Հաշվի առնելով այս փաստը, Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հայտարարությունը՝ օպերացիայի հաջող ավարտի մասին, ամբողջությամբ տեղավորվում է Իսրայելի հարձակմանը հետևած հայտարարությունների, սահմանած նպատակների և մշակած ռազմավարության ու դրան համապատասխան մարտավարության տրամաբանության սահմաններում։

Այս փուլում Իրանի համար թշնամուն մահացու հարված հասցնելը, Իսրայելի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելն օրակարգային չէր։ Գլխավորը` Իսրայելի հարվածն անպատասխան չթողնելը, ուժի և կարողությունների ցուցադրությունն ու միջազգային հանրության, մասնավորապես` Իսրայելի գլխավոր հովանավորների`ԱՄՆ-֊ի և Արևմուտքի արձագանքի ստուգումն էր։ Իսկ ինչ վերաբերում է բեմականացմանը, դա բացառված է։ Նման կարծիքները ֆանտաստիկայի ժանրից են։

– Ամեն դեպքում, ի՞նչ զարգացումներ սպասել իրանա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին։

– Անհրաժեշտ է հետևել հետագա իրադարձությունների ընթացքին։ Եթե Իսրայելի կողմից պատասխան գործողություններ լինեն, Իրանը, մեծ հավանականությամբ, դրանք անպատասխան չի թողնի։ Իհարկե, այս փուլում մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում ոչ միայն հակամարտող կողմերի շահերին, այլ նաև տարածաշրջանի շահերին։ Կարծում եմ՝ փորձ է արվելու կանխել հակամարտության անկառավարելի զարգացումը։ Սակայն, կրկնում եմ, պետք է հետևել իրադարձությունների ընթացքին։ Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում, ընդ որում՝ ապատեղեկատվական հսկայական հոսքերով:

– Ի՞նչ դիրք պիտի գրավի Հայաստանն այս հակամարտության, աշխարհաքաղաքական նման իրադարձությունների դեպքում, ի՞նչ հետևություններ պիտի անի Իրան-Իսրայել վերջին գործողություններից:

– Հայաստանը, ընտրելով արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության կուրս, ակամայից կարող է ներքաշվել մի հակամարտության մեջ, որի հետևանքները կարող են աղետաբեր լինել։ ՀՀ գործող իշխանությունների վարած անհեռատես ու դիլետանտ արտաքին քաղաքականությունը երկրին կարող է գցել Արևմուտքի վարած հակաիրանական քաղաքականության ծուղակը։ Դա կարող են պահանջել և պարտադրել գործող իշխանությունների արևմտյան պատվիրատուները, եթե կոնֆլիկտը վերածվի պատերազմի։ Կարծում եմ` բոլորին է պարզ նման արկածախնդրության աղետալի հետևանքները։ Իսկ ինչ վերաբերում է անհրաժեշտ հետևություններին, ապա Իրանի գործողությունը դասական օրինակն էր այն բանի, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվի ցանկացած արժանապատիվ պետություն։ Իհարկե, խիստ կասկածում եմ, որ ՀՀ գործող իշխանություններն անհրաժեշտ հետևություններ անելու ունակություն ունեն։

– Ի դեպ, Ադրբեջանը երկընտրանքի առաջ չէ՞, կամ չի՞ կանգնելու դրա առաջ, եթե նոր զարգացումներ լինեն ռազմական բնույթի, քանի որ Իսրայելի շնորհիվ է հաղթել 2020 թվականի 44-օրյա պատերազմը և, այսպես ասած, պարտքեր ունի մարելու: Մյուս կողմից, Իրանի հետ հարաբերությունները կարծես թե փորձում են կարգավորել, համենայնդեպս, Ադրբեջանը պիտի որ չցանկանա Իրանի հետ ավելորդ խնդիրներ ունենալ, ըստ այդմ՝ ի՞նչ սպասել Ադրբեջանից։

– Արդեն նշեցիք, որ Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում մեծապես պայմանավորված էր Իսրայելի ռազմատեխնիկական աջակցությամբ, և այդ առումով պարտքեր ունի մարելու։ Այո, սա կարող է բարդ իրավիճակի առաջ կանգնեցնել Բաքվին, որը տրամաբանորեն չի ցանկանա խնդիրներ ունենալ Իրանի հետ։ Բայց Իսրայելում արդեն փորձում են Բաքվին հիշեցնել, որ եկել է պարտքը մարելու ժամանակը։ Իսրայելի իշխանություններին մոտ կանգնած Terror alarm լրատվական պորտալն Իրանի պատասխան հարվածից հետո հրապարակում էր կատարել` նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է Իրանի սահմանին կառուցած իր 3 ավիաբազաները տրամադրել Իսրայելին` Իրանին օդային հարվածներ հասցնելու համար։ Ակնհայտ է, որ Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում, որից, այսպես ասած, «չոր դուրս գալն» այնքան էլ հեշտ չի լինելու։

– Իսկ ի՞նչ սպասել Թուրքիայից՝ հաշվի առնելով նրա այսօրվա հարաբերություններն Իսրայելի հետ, մյուս կողմից, Թուրքիան նաև ՆԱՏՕ անդամ է, իսկ ԱՄՆ-ը աջակցում է Իսրայելին:

– Կարծում եմ՝ Թուրքիան կփորձի հնարավորինս հեռու մնալ հակամարտությանը ներքաշվելու վտանգից։ Նրանք ևս հետևելու են իրադարձությունների զարգացումներին և գործելու են՝ ըստ դրանց ընթացքի։

– Եվ վերջապես, տեղի ունեցածը և հնարավոր հետագա զարգացումներն Իրան-Իսրայել կոնֆլիկտի ֆոնին՝ որքանո՞վ կազդեն Հարավային Կովկասի վրա, ինչո՞ւ չէ՝ «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրագործման, և ի՞նչ կերպ:

– Դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի զարգացումների վրա։ Իրանի ներկայությունը կարևոր գործոն է, որը մինչ օրս չեզոքացրել է Սյունիքի հետ կապված ադրբեջանաթուրքական հեռահար նպատակները։ Եթե այս հակամարտությունը դառնա անկառավարելի և վերածվի պատերազմի, ինչն Իրանին կստիպի կենտրոնանալ իսրայելական ճակատի վրա, ապա միանշանակ է, որ ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի իր տարածաշրջանային նպատակներն իրականացնելու համար։

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 6577 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am