ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ ԿԱՆԱՉ ԼՈւՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

2022թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվեց Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի կողմից փակելու հարցը: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներկայացուցիչները և ոչ մշտական անդամների առանձին ներկայացուցիչներ: Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների: Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե: Ավելին՝ Ռուսաստանի ներկայացուցիչը հատարարեց, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հասնել նրան, որ միջանցքը մասնակի բացվել է: Քննարկումն ավարտվեց առանց հարցի լուծման վերաբերյալ որևէ որոշում ընդունելու: Հարկ է նշել, որ ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ և ոչ մի միջազգային կառույցից: Ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020թ. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը թիրախավորում էր Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտները, մասսայական ոչնչացման քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում արցախահայության դեմ, երբ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, իսկ 2022թ. մարտի 24-ին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից բարձունքը, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լուռ էին: ՄԱԿ-ի հետ կապված անհրաժեշտ եմ համարում հիշեցման կարգով նշել հետևյալը. 2022թ. սեպտեմբերի 13-ին, երբ օկուպանտ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին Հայաստանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 15-ին քննարկել է հարցը: Եվ ի՞նչ: Պատժվե՞լ է Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Դո՞ւրս է եկել Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքներից: Ոչ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչան՝ ներկայացնելով իր զեկույցը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ ահա թե, մասնավորապես, ինչ է ասել նա իր ելույթում. «Երկու երկրներն էլ գրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պնդելով… իրենց տարածքային ամբողջականության խախտումների մասին: Միավորված ազգերի կազմակերպությունը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս վտանգավոր սրացման կապակցությամբ՝… և կոչ ենք արել կողմերին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»: Եթե սա է եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերաբերմունքը ՄԱԿ-ի անդամ հանդիսացող պետության՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիա իրականացնելու հարցի առնչությամբ, ապա ենթադրելի էր, թե ինչպիսինը կլինի ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծան առնչությամբ: Ավելին՝ Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի-Քարին տակ հատվածի բնականոն երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ գործնական բովանդակությունից զուրկ, անվճռական մոտեցումը տեսնելով` օկուպանտ Ադրբեջանը կարող է՛լ ավելի լկտիանալ և դիմել անկանխատեսելի քայլերի։ Եթե սրան էլ ավելացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ներկայացուցչի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն առ այն, որ միջանցքը մասնակի բացվել է, ապա Ադրբեջանի՝ է՛լ ավելի լկտիանալու և անկանխատեսելի քայլերի դիմելու հնարավորության հավանականությունը էապես կարող է մեծանալ: «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս մի շարք գործողությունների ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: Փաստորեն, ՄԱԿ-ի նշյալ կոնվենցիայի իմաստով օկուպանտ Ադրբեջանի վերոնշյալ հակահումանիստական քայլերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է լրիվ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնել արցախահայությանը: Այսինքն՝ արցախահայությունն այժմ ցեղասպանության է ենթարկվում Ադրբեջանի կողմից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած վերոնշյալ քննարկումը ցույց տվեց, որ միջազգային իրավական ակտերի կոպտագույն խախտմամբ արցախահայության նկատմամբ իրականացվող հակահումանիստական գործողությունների համար Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվելու և մնալու է անպատիժ: Հետևաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ ոքից չպետք է սպասել օգնություն: Ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գանք ինքնուրույն: Ըստ այդմ՝ ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում:
Հաշվի առնելով՝
• Արցախահայության կամարտահայտությունը, այն է՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը (անկախության հանրաքվե 10.12.1991թ.),
• հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը,
• Ադրբեջանի՝ արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու փաստը՝ ըստ ՄԱԿ-ի սահմանման,
Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը: Այս ամենի հետ միաժամանակ Հայաստանի և Արցախի հայությանը ցեղասպանելու բացահայտ նպատակ ունեցող օկուպանտ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Պատմությունն անառարկելի փաստերով ապացուցել է, որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, նա հասկանում է միայն և բացառապես միայն ուժի լեզուն: Եթե ժամանակին ուժով հետ բերվեր Հին Թաղերն ու Խծաբերդը, Փառուխն ու Քարագլուխը, գուցե այսօր նման ճգնաժամային իրավիճակ չստեղծվեր: Ուժով պետք է վերականգնել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը:

 

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

դիտվել է 876 անգամ
Լրահոս
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am