«Եթե թուրքն իմ տան հետ արած լիներ այն, ինչ հայերն էին արել, չէի նեղանա, քանի որ նա թշնամի է»

«Եթե թուրքն իմ տան հետ արած լիներ այն, ինչ հայերն էին արել, չէի նեղանա, քանի որ նա թշնամի է։ Բայց որ հայերն էին արել, ցավալի է»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքի բնակիչ, 41-ամյա Մարիետա Լալաբեկյանը։ Այս մասին գրում է ankakh.com-ը:

Լալաբեկյանը ծնունդով Սյունիքի Տեղ գյուղից է, ամուսինն էլ՝ Հալիձորից։ Քաշաթաղում հաստատվել են 1998-ին՝ ամուսնանալուց երկու շաբաթ անց։ Մարիետան հիշում է՝ երբ ազատամարտիկ նշանածն ասել է, որ ամուսնանալուց հետո Քաշաթաղում են ապրելու, լուրջ չի ընդունել, մտածել է՝ իրենց մեղրամիսն Արցախում կանցկացնեն ու Հալիձոր կվերադառնան։ Բայց նրա ամուսինը հաստատակամ էր՝ իր և իր մարտական ընկերների ջանքերով ազատագրված հողը պետք է բնակեցվեր։ Իսկ ո՞վ պետք է բնակեցներ, եթե ոչ ինքը և իր գաղափարակիցները։

«Սկզբում հաստատվեցինք Վերին Սուսում։ Տունը, որ մեզ էր հատկացվել, պատերազմի ժամանակ որպես զորանոց էր ծառայել և լրիվ քանդված էր։ Շատ դժվար էր։ Ապրում էինք հողերի ու քարերի մեջ։ Ոչ բաղնիք, ոչ որևէ կոմունալ հարմարություն չկար»,- հիշում է Մարիետան՝ հավելելով, որ այն ժամանակ շատերն իրեն խորհուրդ էին տալիս չհամակերպվել այդ պայմանների հետ ու բաժանվել։

Պատմում է՝ սկզբնական շրջանում ապրուստի միջոց անգամ չունեին և իրենց ծնողներն էին հերթով սնունդ ուղարկում։ Բայց ամուսիններով որոշեցին, որ այդպես շարունակվել չի կարող, եթե որոշել են Արցախում ապրել, ապա իրենք իրենցը պետք է ստեղծեն այնտեղ։ «Սկսեցինք հող մշակել, անասուն պահել, հետո նաև հավ, խոզ, մեղու ունեցանք, մեկը դարձավ երկուս։ Սկսեցինք մեր բերքը, կաթն ու պանիրը վաճառել, այդպես մեզ օրվա հացի փող էինք ստեղծում»,- պատմում է Մարիետան։

Երբ հասկանում են, թե որքան նպաստավոր է Քաշաթաղի բնությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, Արցախ են կանչում նաև իրենց հարազատներին։ Շուտով նրանց են միանում նաև Մարիետայի ամուսնու ծնողներն ու եղբայրները, ինչպես նաև Մարիետայի ծնողներն ու եղբայրը։ Միասին տնտեսություն զարգացնելն ավելի հեշտ է դառնում։

Մարիետան պատմում է՝ այն ժամանակ բժիշկ ու հիվանդանոց մոտակայքում չունեին, ուստի երբ հղիացավ, ստիպված էր Գորիս հասնել կոնսուլտացիայի համար․ տեգրը տրակտորով կամ խոտ տեղափոխող բեռնատար մեքենայով էր հարսին Գորիս հասցնում։

Երբ պետք է երկրորդ երեխան ծնվեր, ամուսիններով որոշում են Ներքին Սուս տեղափոխվել․ այն գլխավոր ճանապարհին և Բերձորին ավելի մոտ էր։ Իսկ երրորդ երեխան արդեն ծնվում է Ներքին Սուսում։

«Մեզ Ներքին Սուսում մի փլատակ հատկացրեցին։ Տանը լիքը գորտ, օձ ու ցեխ կար։ Ունեինք ընդամենը մեկ մահճակալ։ Մեր հարազատներին ու ծանոթներին չէինք ասում, որ առանձնացել ենք, որ հանկարծ մեզ տեսակցության չգային ու խայտառակ լինեինք»,- պատմում է Մարիետան։

Հիշում է՝ մի անգամ Տեղի գյուղապետն է իրենց հյուր եկել, ամաչելով ասել է, որ աթոռ չունեն, որ առաջարկի նստել, իսկ նա հումորի է վերածել, որ տանտերերն իրենց վատ չզգան։ «Գարեջրի արկղ կար բակում, բերեց, վրան սրբիչ փռեց ու նստեց, ասաց՝ սրանից էլ լավ աթոռ»,- հիշում է նա։

Չնայած դժվարություններին, ամուսիններով տարիների ընթացքում երկհարկանի տուն են կառուցում, վերանորոգում ու կահավորում։ «Սեղան էլ ունեցանք, աթոռ էլ, բազմոց էլ, վարագույր էլ։ Ամեն ինչ էլ ունեինք։ Ու ամեն մանրուք ձեռք բերելիս ուրախանում էինք»,- ասում է Մարիետան։

Շուտով նրա ամուսինն աշխատանքի է անցնում որպես էլեկտրիկ, Մարիետան էլ որպես փոստատար։ Կայուն աշխատավարձը և իրենց ստեղծած տնտեսությունը միասին նորը ստեղծելու և զարգացնելու հնարավորություն են տալիս ամուսիններին։ «Եթե ճանապարհին ծիրանի, նռան կամ թթի փոքր ծառ էի տեսնում, տանում, իմ այգում էի տնկում։ Վերջում արդեն բերք էինք ստանում, գինի ու օղի քաշում։ Ամեն ինչ ունեինք»,- ասում է նա՝ հավելելով, որ ողջ Քաշաթաղն էր բարեկեցության որոշակի մակարդակի հասել, մարդիկ արդեն կարողանում էին գումար հետ գցել իրենց ծրագրերն իրագործելու համար։

«Այն ավերակներից հետք անգամ չէր մնացել, ու չէինք հավատում, որ մենք առանց հոսանք ու առանց բաղնիք ապրել ենք»,- ասում է նա՝ հավելելով, որ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր իրենց հայրենի դարձած ու իրենց քրիտնքով շենացած Քաշաթաղը ստիպված են լինելու թողնել։

Հիշում է՝ 2019-ին ամուսնուն առաջարկել է ունեցվածքը վաճառել ու Հայաստան տեղափոխվել՝ հաշվի առնելով, որ երեխաները գերազանց են սովորում, նրանց կրթության տալու հարց կառաջանա։ Իսկ ամուսինն ասել է․ «Աղջի, շա՞շ ես, տուն-տեղ ենք դրել, ո՞ւր գնանք։ Մենք էստեղ ապրելու ենք, էստեղ էլ պիտի մեռնենք։ Երեխեքը եթե ուզում են, թող գնան»։

Պատմում է՝ ապրիլյան պատերազմում տարած հաղթանակից հետո ավելի ամուր էին կառչել հողին ու ավելի մեծ եռանդով էին տնտեսություն զարգացնում։ Ամուսինն անգամ 2016-2020թթ․ եղել է Սուսի համայնքապետը՝ պաշտոնը թողնելով պատերազմից ամիսներ առաջ միայն։Հիշում է՝ երբ պատերազմի լուրը ստանում են, ամուսինն անմիջապես իրերով ռազմակայան է մեկնում։ «Նոր էր գնացել, զանգեց, ասաց՝ երեխեքին վերցրու, մտիր նկուղ։ Տագնապի ձայնը միացել էր։ Անօդաչուից կրակոցներ։ Տունը դղրդում էր, երեխեքը լացում էին։ Չէի սպասում, որ առաջնագծից այդքան հեռու պատերազմի շունչն այդպես կզգացվեր»,- ասում է նա՝ հավելելով, որ ամուսինը գոտեպնդել է, թե պատերազմը շուտով կավարտվի և ինքը տուն կվերադառնա։

«3-րդ օրվանից ամուսնուս էլ չկարողացանք զանգել։ Հեռուստացույցով զոհերի ու վիրավորների անուններ էին թվարկում, նստած նայում էինք։ Ինքը հոկտեմբերի 3-ին վիրավորվել էր, մենք չգիտեինք։ Այդ օրը քարանձավում էինք, անընդհատ խփում էին։ Ամուսինս զանգեց»,- հիշում է Մարիետան։ Երբ նրա ամուսնուն՝ Արթուրին, Ստեփանակերտից Երևան են ուղարկում, ընտանիքը հետևից գնում է՝ հոկտեմբերի 8-ին դուրս գալով Սուսից։

«Մինչև հոկտեմբերի 18-ը մնացինք Երևանում՝ մեր ծանոթի տանը։ Այդ ընթացքում քույրս զանգեց, թե Լաչինում թալան է։ Զարմացա՝ թուրքը Լաչի՞ն է մտել։ Ասաց ոչ, հայերն են թալանում։ Չհավատացի»,- պատմում է Մարիետան։ Հոկտեմբերի 18-ին ամուսինը, դեռ կարերը չքանդած, Բերձոր է վերադառնում ու այս անգամ արդեն աշխարհազորում ընդգրկվում։ «Այս անգամ արդեն ամուսինս զանգեց, թե հավերն ու խոզերը տարել են, տան դուռը բաց է, աչքի ընկնող ամեն բան տարել են, անգամ երեխայի համար նոր գնած ու դեռ չհագած կոշիկները»,- պատմում է նա։

«Լացեցի, թե ո՞նց, հայերը հայերին թալանո՞ւմ են։ Ասաց՝ վեճդ չդնես, հենց սաղ-սալամաթ պրծնենք, նորից մերը զրոյից կստեղծենք»,- ասում է նա։Նոյեմբերի 17-ին, համաձայնագրից օրեր անց Ստեփանակերտ գնալիս գյուղ են մտնում՝ տեսնելու, թե տունն ինչ վիճակում է։ «Տեսանք թալան։ Ով ինչ ուզում, անում էր։ Անգամ մեր ցանկապատի ցանցն ու ցցերն էին հանել։ Տան դռան բանալին մեզ մոտ էր, բայց դուռը չկար, հանել, տարել էին։ Նկուղից անգամ զակատներն էին տարել»,- պատմում է Մարիետան՝ հավելելով, որ այդ անգամ նստել է բակի թթենու տակ ու լաց եղել։ Իսկ գյուղ հաջորդ այցին տեսել է, որ արդեն մրգատու ծառերն էլ չկան՝ կտրել ու տարել էին։ Ասում է՝ երբ Բերձորի միջանցքի գոտում մնացած բնակավայրերը բնակեցնելու հնարավորություն ստեղծվեց, իրենց տնից այլևս ոչինչ չէր մնացել և վերադառնալու տեղ չունեին։

«Շուշիի մոտով էինք անցնում։ Ճանապարհին դիակներ էին որոնում։ Այդ ժամանակ ամուսնուս ասացի՝ ջհանդամ, թե չեն թալանում։ Կարևորը դու ողջ ես։ Մենք մերը զրոյից կստեղծենք»,- ասում է նա։

Մարիետայի ընտանիքն այժմ ապրում է Հալիձորում՝ սկզբում ծանոթի տանը, իսկ նրանց՝ ՌԴ-ից վերադառնալուց հետո ստիպված են վարձով բնակարան գտնել։ Երեխաներից երկուսն ուսանող են, փոքրը՝ դպրոցական։ 3 պատերազմների մասնակից ամուսինն այժմ առողջական խնդիրներ ունի և աշխատել չի կարող։ Աշխատում է միայն ինքը։ Ասում է՝ անասելի դժվար է այս պայմաններում ապրուստ հոգալը։ Բայց հույս ունի, որ փոքր որդու երազանքը մի օր կիրականանա՝ նորից իրենց սեփական տունը կունենան, որի բակում էլ ծառեր կտնկեն ու կմշակեն։

Հարցին, թե ինչպես կարող ենք կորուստների շղթան դադարեցնել, ասում է՝ պետք է բոլորս համախմբվենք, այլապես Ալիևն ինչ տեսնում, վերցնում է։

«Գնում-գալիս ենք ու տեսնում, թե թուրքն ինչպես է ճանապարհ սարքում, մենք ի՞նչ ենք անում, ոչինչ, զենք անգամ չունենք, եթե այսպես շարունակվի, հույս չունեմ, որ կկարողանանք կորցրածը հետ բերել»,- ասում է նա՝ հավելելով, որ այժմ խաբվել ենք թուրքի հարստությանը, բայց նրանց հետ խաղաղ ապրելը, առավել ևս Ադրբեջանի իշխանության ներքո ապրելը հնարավոր բան չէ։ 

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am