Ալիևի նավթն ու գազը՝ ԵՄ-ին լռեցնելու միջոց. իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ կարծիք հայտնելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։

Բրիտանական The Guardian-ը, հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, գրել է, որ ԵՄ-ը չպետք է ոչ հուշագիր, ոչ էլ նոր երկկողմ համաձայնագիր կնքեր Ադրբեջանի հետ՝ առանց քաղաքական բարեփոխումների պահանջ ներկայացնելու։ Հեղինակավոր կազմակերպությունը մասնավորապես ընդգծել է, որ ԵՄ-ը Բաքվից պետք է պահանջեր ազատ արձակել բազմաթիվ քաղբանտարկյալներին, փոխել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խիստ սահմանափակումների վերաբերյալ օրենքները, հայտնում է «Ազատությունը»։

Շաբաթվա սկզբին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ փաստացի ընդգծելով, որ սա այլընտրանք կլինի ռուսական գազին։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այս հուշագիրն է՛լ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը:

Երկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է 12 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը:

2021-ին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականը Ադրբեջանից «Հարավային գազային միջանցքով» տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ֆիլիպ Դամը, The Guardian-ի փոխանցմամբ, վստահ է՝ «Ադրբեջանը նավթն ու գազն օգտագործում է ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար»։ «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելով, հատկապես երբ խոսքը նավթի և գազի մասին է», - ասել է Դամը:

Ըստ Human Rights Watch-ի՝ մարտին բանտից ազատ են արձակվել ադրբեջանական ընդդիմության մոտ 40 առաջնորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, սակայն տասնյակ մարդկանց դեռ շարունակում են ապօրինաբար անազատության մեջ պահել։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է նաև, որ բազմաթիվ են խոշտանգումների և բռնությունների դեպքերն անազատության մեջ:

The Guardian-ը միևնույն ժամանակ զուգահեռներ է անցկացնում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է «կարևոր» և «հուսալի» մատակարար, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ «ԵՄ-ը չպետք է ասի, որ երկիրը վստահելի է, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ջախջախում քաղաքական այլախոհությունը»:

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերն էլ երեկ իր հերթին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը Բաքու վկայում է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների կարևորության մասին։ Այդուհանդերձ, դա չէր զսպել Ալիևին՝ իր դժգոհությունը հայտնելու, իր ձևակերպմամբ, Եվրախորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերից։

Եվրամիության և Ադրբեջանի գազային գործարքի մասին իր տարակուսանքն է հայտնել նաև Amnesty International-ի բրյուսելյան գրասենյակի տնօրեն Իվ Գեդին։ The Guardian-ը մեջբերել է կազմակերպության տնօրենի խոսքերը. - «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ հիշեցում է այն մասին, որ ռեպրեսիվ և ոչ հաշվետու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկեր լինում, և որ կարճաժամկետ նպատակները նախընտրելը վնաս է մարդու իրավունքներին, դա աղետի դեղատոմսն է»։

Հիշեցնենք, որ ԵՄ-Ադրբեջան գործարքի նախաշեմին, երբ Բաքվում էր Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակությունը, Ալիեևը հայտարարեց, թե Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ:

Ալիևը հիշել էր, որ վերջին անգամ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Ադրբեջանում եղել է 2018-ին, ասել է, թե նույնիսկ փոքր-ինչ զարմացել է, երբ լսել է նրանց այցի մասին: «Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը բացարձակ անընդունելի է: Մեր հասցեին հնչել են մեղադրանքներ, վիրավորանքներ և տարածվել է սուտ տեղեկատվություն։ Ես նույնիսկ մոռացել եմ հակաադրբեջանական բանաձևերի քանակը, որոնք ընդունել է Եվրախորհրդարանը տարբեր ժամանակներում», - ասել է Ալիևը:

Ալիևը մատնանշել էր վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից ընդունված բանաձևերից մեկը, որում կառույցը դատապարտել և կոշտ քննադատություն է հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։ Եվրամիության օրենսդիր մարմինը մարտի սկզբին 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեներով ընդունել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձև:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը և հիշեցրել, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության և պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին:

Այս առիթով, Ալիևը տարակուսել էր, թե հաշվի առնելով Եվրամիության հետ դրական հարաբերությունները, Եվրախորհրդարանի գործելակերպը անհասկանալի է: Ալիևը նույնիսկ ասել է, թե Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանի: Ադրբեջանի նախագահի խոսքով, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հակաադրբեջանական բանաձևերի հետևում Հայաստանի խորհրդարանը կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր են կանգնած: «Չնայած Եվրախորհրդարանի որոշ անդամների փորձերին՝ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից», - ասել էր Ալիևը:

Փաստորեն, Ալիևը անթաքույց գործարք առաջարկեց ԵՄ-ին՝  մեր նավթն ու գազը՝ ձեր լռության դիմաց: Որքան էլ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատեն Ադրբեջանում բռնատիրությունը՝ որոշում կայացնելու են եվրոպացի պաշտոնյաները...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am