ԱՄՆ-ի միջուկային զենքը Եվրոպայից «տուն կուղարկենք». Մոսկվան՝ ընդդեմ արևմտյան դաժան պատժամիջոցների

Ռազմական գործողությունները շարունակվում են, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները` ավելանում

Երեկ կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են: Նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային տեսաուղերձում ասել է, թե Ուկրաինան ցանկալի արդյունք չի ստացել Ռուսաստանի հետ Բելառուսում նախորդ օրը կայացած բանակցություններից:

«Առայժմ մենք չունենք այն արդյունքը, որը կցանկանայինք ստանալ: Պատերազմն ավարտելու շուրջ Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները, մենք մեր դիրքորոշումն ենք հնչեցրել, որոշ ազդանշաններ ենք ստացել: Երբ պատվիրակությունը վերադառնա Կիև, կվերլուծենք այն, ինչ լսել ենք և հետո կորոշենք, թե ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին», - ասել է նա:

5 ժամ տևած բանակցություններից անմիջապես հետո Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկա օրերին Մոսկվայում և Կիևում խորհրդակցություններից հետո կկայանա բանակցությունների երկրորդ փուլը: Ռազմական վերլուծաբանները շեշտում են` ինչքան երկար տևի պատերազմն, այնքան կոշտ միջոցների կդիմի ռուսական բանակը:

Արդեն խոսում են ռազմական հանցագործությունների մասին

Մինչդեռ միջազգային հանրությունն արդեն խոսում է ռազմական հանցագործությունների մասին: Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը նախորդ գիշեր ասել է, թե «որոշել է հնարավորինս շուտ սկսել Ուկրաինայում իրավիճակի հետաքննությունը»։ Նրա խոսքով` հարցի նախնական ուսումնասիրությունից հետո ինքը եկել է այն եզրակացության, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։

Պատժամիջոցները շարունակվում են

Միևնույն ժամանակ Ճապոնիան միացել է արևմտյան երկրներին՝ պատժամիջոցներ կիրառելով անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Անձնական պատժամիջոցներ են սահմանվել Պուտինի, արտգործնախարար Լավրովի, պաշտպանության նախարար Շոյգուի, Գլխավոր շտաբի պետ Գերասիմովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևի նկատմամբ։ Կառավարության կողմից հաստատված ցուցակում ընդգրկվել են նաև 49 կազմակերպություններ, այդ թվում՝ դաշնային անվտանգության ծառայությունը, Sukhoi-ը, MiG-ը, Rostec-ը, Ռուսաստանի կենտրոնական բանկը։

Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ավելացավ 26 ռուսաստանցի, այդ թվում՝ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը և միլիարդատերերի մի մեծ խումբ՝ Միխայիլ Ֆրիդմանը, Պետր Ավենը, Ալիշեր Ուսմանովը, Ալեքսեյ Մորդաշովը, Գենադի Տիմչենկոն և Ալեքսանդր Պոնոմարենկոն, լրագրողներ Ռոման Բաբայանը, հաղորդավար և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը:

Կրեմլի խոսնակը, սակայն, այսօր լրագրողներին ասել է, թե անտարբեր է Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում իր ընդգրկման հարցում` հավելելով` եթե Արևմուտքը կարծում է, որ պատժամիջոցները կարող են ստիպել իրենց փոխել դիրքորոշումը, ապա դա տեղի չի ունենա։ «Մեզանից ոչ ոք չի փոխի մեր հետևողական դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը` հավելելով, թե նրանցից և ոչ մեկը ակտիվներ և հաշիվներ դրսում չունի։

Մոսկվան շարունակում է պահանջներ ներկայացնել

Ու մինչ Ուկրաինայի տարածքում ընթանում են թեժ ռազմական գործողություններ, և մյուս կողմից` սեղմվում է օղակը Ռուսաստանի շուրջ, պաշտոնական Մոսկվան շարունակում է պահանջներ ներկայացնել Միացյալ Նահանգներին և Արևմուտքին ընդհանրապես։ Ռուսաստանի արտգործնախարարն հայտարարել է, թե Արևմուտքը պետք է հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ռազմական օբյեկտների ստեղծումից, շեշտելով, թե Մոսկվայի համար անընդունելի է, որ ԱՄՆ միջուկային զենքը տեղակայվի Եվրոպայում։ «Ժամանակն է այդ զենքը տուն տանել», - ասել է Սերգեյ Լավրովը, որը կոչ է արել հրաժարվել Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռներից: Միաժամանակ նա ընդգծել է, թե «Ռուսաստանը չի ունեցել և չունի» ցամաքային միջին և ավելի փոքր հեռահարության հրթիռներ։ Ռուսաստանի արտգործնախարարը պնդել նաև` սեփական միջուկային զենք ձեռք բերելու Կիևի ծրագրերը վտանգավոր են։ Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դա տեղի չունենա։

Միևնույն ժամանակ ռուսաստանյան հեռուստաընկերությունները շարունակում են ռազմատենչ պրոպագանդան` ուկրաինացիներին մեղադրելով ֆաշիզմի մեջ, հաղորդում է «Ազատությունը»: Ավելին, երեկ երեկոյան, օրինակ, Դմիտրի Կիսելյովը մանրամասն պատմել է, թե ինչ միջուկային զենք ունի Ռուսաստանը, և ինչ ձևով կարող է այդ զենքը ոչնչացնել Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-Ն:

«Մեր սուզանավերը կարող են արձակել հինգ հարյուր միջուկային մարտագլխիկ, ինչը կոչնչացնի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ բոլոր երկրները այն սկզբունքով, որ մեր ինչին է պետք աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստանը»: Ռուսաստանի թոփ պրոպագանդիստը հավելել է, թե Ռուսաստանն այսօր ամենահզոր միջուկային գերտերությունն է աշխարհում։ Ավելի վաղ երկրի նախագահը ռուսական բանակի զսպման ուժերը բերել է մարտական հերթապահության հատուկ ռեժիմի:

Ռուսական բանակը կշարունակի գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Մոսկվայի հիմնական խնդիրը, Սերգեյ Շոյգուի խոսքով, Արևմուտքի ռազմական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելն է։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ուկրաինական կողմը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, թնդանոթները և խոշոր տրամաչափի ականանետերը տեղադրում է բնակելի շենքերի բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ։ Լավրովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Կիևի «հանցավոր ռեժիմին արևմտյան երկրների թողտվության» արդյունքն է։ Նաև, ըստ նրա, Եվրոպան երկխոսության փոխարեն ընտրել է «ոչ լեգիտիմ պատժամիջոցների» ճանապարհը։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքը պատրաստակամություն չի ցուցաբերում Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու հարցում։

Թուրքիան վճռական է՝ փակել նեղուցները

Պաշտոնական Անկարան վճռական է՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը: «Մենք վճռական ենք՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները, որպեսզի կանխենք ճգնաժամի խորացումը: Ինչպես մշտապես ասել ենք, կողմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ողջունում ենք Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը», -նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո:

Երեկ Անկարայում Էրդողանի գլխավորությամբ կառավարությունը քննարկեց ռուս-ուկրաինական պատերազմն ու այդ համատեքստում դիտարկում Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար փակելու հնարավորությունը: Թուրքիայի ԱԳ նախարարը նախօրեին CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում ծավալվող զարգացումները արդեն պատերազմի են վերածվել, և Թուրքիան պետք է կատարի Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: «Սկզբում Ռուսաստանի հարձակումը եղավ, մենք այն գնահատեցինք մասնագետների, զինվորականների, իրավաբանների հետ: Հիմա այն վերածվել է պատերազմի: Քաղաքներում, փողոցներում կողմերի միջև լուրջ բախումներ են: Սա մեկ-երկու օդային հարձակում չէ, ռազմական գործողություն չէ, պատերազմական իրավիճակ է», - ասել է ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ Թուրքիան մինչ օրս հետևել է սևծովյան նեղուցների ռեժիմը կարգավորող կոնվենցիայի դրույթներին և այժմ էլ նույն տրամաբանությամբ է առաջնորդվելու: Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին նեղուցներով դեպի Սև ծով ռուսական ռազմանավերի մուտք փակելու համար:

Բրիտանական Financial Times գրում է, թե նեղուցների փակումը սահմանափակ ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա, քանի որ Սև ծովում արդեն իսկ ռուսական մեծ նավատորմ կա: «Փորձագետների համոզմամբ, Թուրքիայի հռետորաբանության փոփոխությունը խորհրդանշական է: Կիևի ու Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Թուրքիան նախկինում էլ է շատ զգուշավոր կեցվածք ընդունել Ռուսաստանին չզայրացնելու համար»,-գրում է պարբերականը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6865 անգամ
Լրահոս
Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am