Հայաստանի հարևանը Մոսկվա-Վաշինգտոն ճակատներում` գազա-նավթային լուրջ գործարքների մեջ է

Երեկ սենսացիոն հայտարարություն տարածվեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ՝ Թեհրանը չի բացառում Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները...

Թեհրանը կարող է ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, եթե անհրաժեշտ լինի «լավ համաձայնագրի» հասնել միջուկային գործարքի հարցով, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը. «Եթե բանակցային գործընթացում մենք հասնենք մի իրավիճակի, որ լավ համաձայնագրի հասնելու համար բարձր մակարդակում մեզ պետք է խոսել ամերիկացիների հետ, մենք դրանից չենք հրաժարվի»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան Թեհրանի հետ փորձում են վերականգնել 2015-ին կնքված միջուկային գործարքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ միակողմանիորեն խզելուց հետո դադարել է լիարժեք գործել։ Վիեննայում շարունակվող բանակցությունների ութերորդ փուլը առ այժմ որևէ հաջողություն չի արձանագրել։

Թեհրանի կողմից, սա անշուշտ ուշագրավ հայտարարություն է, բայցև այն պետք է շարունակականություն ունենա...Իսկ վերջին ամիսներին ԱՄՆ-ն ակնհայտորեն կարծես առիթ է փնտրում, որպեսզի Իրանի հետ հնարավոր համաձայնություններն արգելափակի:

Ուշագրավ է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հատկապես, որ վերջին օրերին ռուս-իրանական հարաբերություններում ուշագրավ զարգացումներ ծավալվեցին:
Օրերս Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին` Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա էր ժամանել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Կրեմլում ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախագահ Ռաիսին հիշեցրել է` Թեհրանը «40 տարի դիմադրել է Ամերիկային»` առաջարկելով այժմ էլ համատեղ դիմակայել Միացյալ Նահանգների գործողություններին։ «Ներկայիս շատ բացառիկ պայմաններում, երբ խոսքը Արևմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունների դիմակայության մասին է, մենք կարող ենք մեր փոխգործակցության մեջ սիներգիա ստեղծել։ Մենք ավելի քան քառասուն տարի է` ամերիկացիներն ընդդիմանում ենք, և մենք պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով երբեք չեն դադարի աշխատել երկրի զարգացման և առաջընթացի ուղղությամբ», - նախագահի պաշտոնում Մոսկվա կատարած իր առաջին այցի ընթացքում ասել է Էբրահիմ Ռաիսին, միևնույն ժամանակ խոստովանել՝ այժմ, իհարկե, գործադրում են բոլոր ջանքերը, որ արևմտյան պատժամիջոցները չեղարկվեն։

Երկու երկրների դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական ցավոտ պատժամիջոցներից, Միացյալ Նահանգների հետ առճակատումից բացի, Մոսկվային և Թեհրանին միավորում են ամուր քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը։ Իրանն ու Ռուսաստանը նաև նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցներն են Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող պատերազմում։ Մոսկվան Թեհրանի միջուկային գործարքի մասնակիցներից է: Աշխարհի գերտերությունները շարունակում են առայժմ անպտուղ բանակցությունները՝ 2015 թվականին տապալված գործարքը վերականգնելու ուղղությամբ։ Իրանի նախագահը Ռուսաստանը բարեկամական պետություն է անվանել, համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները այսուհետ կլինեն ռազմավարական, այլ ոչ թե կարճաժամկետ, և որ այդ կապերը կլինեն տոկուն և բազմակողմանի։

Իսկ ՌԴ նախագահն իր համառոտ խոսքում ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման հաջող ընթացքը, ընդհուպ համաճարակի պայմաններում։ Պուտինի հիշատակած հաջողությունը, սակայն, իրականում շատ ավելի համեստ է։ Իրանա-ռուսական առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է շուրջ երեք միլիարդ դոլար, մինչդեռ օրինակ` Թուրքիայի դեպքում այդ ցուցանիշը քսան միլիարդ դոլարի է հասել։ Ու թեև Ռաիսին և Պուտինը խոստանում են լրացնել բացերը, խորացնել կապերը, կողմերի միջև Մոսկվայում հրապարակայնորեն որևէ գործարք չկնքվեց, ներառյալ սպառազինության հարցով։

Կրեմլը բազմիցս է պատրաստակամություն հայտնել Իրանին վաճառել ժամանակակից սպառազինություն։ Մինչդեռ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմն օրերս անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ Իրանի կողմից ռուսաստանյան սպառազինության հնարավոր գնման վերաբերյալ։ «Ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը մենք երբեք չենք մեկնաբանում», -Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պատասխանն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։
Փոխարենը կողմերը հայտարարեցին առաջիկայում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերի մասնակցությամբ ռազմածովային զորավարժությունների մասին, որը կմեկնարկի վաղը Խաղաղ օվկիանոսում։

Ռաիսիի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի և կանխատեսվող զարգացումների վերլուծության համատեքստում «Իսնա» լրատվականը հատուկ ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Ռուսաստանի նախագահն առաջինն է շնորհավորել Էբրահիմ Ռաիսիին նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մեջբերելով արտաքին քաղաքականության ոլորտի որոշ փորձագետների՝ լրատվականը նշում է, որ Արևելքի հետ հարաբերությունների ընդլայնումը ամրապնդում է Իրանի դիրքերը արևմտյան ճնշման դեմ։

Կանխատեսելով հանդիպման գլխավոր օրակարգը՝ հոդվածագիրը մատնանշում է. «Իրանի մշտական անդամակցության քննարկումը Եվրասիական տնտեսական միությանը... Նկատի ունենալով ԵՏՄ անդամ երկրների ռեսուրսների և շուկայական բազմազանությունը՝ Իրանի մշտական անդամակցությունը ԵՏՄ-ին զգալի հնարավորություն կընձեռի Իրանի տնտեսությանը, և հնարավոր է, որ այս ճանապարհով մասամբ փոխհատուցվեն Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները»։ Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն` Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հաջող համագործակցությունը կարող են օգտագործել նաև Աֆղանստանում և Կովկասում։ Իրանական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում` Կովկասում ահաբեկչական սպառնալիքը հատկապես որ երկրից է գալիս, պաշտոնական Թեհրանը հերթական անգամ կրկնում է հայտնի թեզը՝ «Կովկասի սահմանները, պետական ինքնիշխանությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոփոխության ենթակա չեն»։

Իրանի նախագահը ռուսաստանյան պաշտոնական այցի երկրորդ օրն ավարտեց Ռուսաստանի պետդումայում, որտեղ ելույթ ունենալու բացառիկ հնարավորություն էր ստացել։ Իրանցի բարձրաստիճան կրոնական և քաղաքական գործիչը ռուսաստանյան օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից նախ Ալլահին փառաբանեց, ասաց՝ մահմեդական աշխարհը հարգում է Հիսուս Քրիստոսին և նրա մորը՝ Մարիամին։ «Աբրահամյան կրոններում առաջնայինը հոգևորի փնտրտուքն է», - դիմելով ռուսաստանցի պատգամավորներին` ասաց Ռաիսին։

Ելույթի արդեն քաղաքական հատվածում նա անդրադարձավ համաշխարհային սպառնալիքներին։ Իսկ դրանք միայն «ամերիկյան շայթանները չեն», այլ նաև հոգևորի բացակայությունն է՝ ընտանիքի ճգնաժամը, թմրանյութերը։ Էբրահիմ Ռաիսին չխնայեց նաև այդ լսարանի համար ամենապահանջված գնահատականները. աջակցություն հայտնեց Ռուսաստանին Արևմուտքի դեմ առճակատման հարցում, թիրախավորեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որը Մոսկվային մերժել է մի շարք սկզբունքային պահանջներում։ «Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, նման պահվածքը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ փլուզմանը»,- Մոսկվայում ասաց Իրանի նախագահը։ Նկատենք, որ սա Էբրահիմ Ռաիսիի ոչ միայն առաջին այցն էր Ռուսաստան անցած օգոստոսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, այլ նաև արտասահմանյան հազվադեպ այցերից մեկը։

Ռուս-իրանական բանակցություններից հետո արդեն հայտնի դարձավ, որ Թեհրանը Մոսկվային առաջարկել է հեղուկ գազի մատակարարումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Իրանի հարավ՝ Ադրբեջանի տարածքով, ապա այն արտահանել աշխարհի ցանկացած կետ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Նոյեմբերից նույն երթուղով թուրքմենական կապույտ վառելիքն է Ադրբեջան ներկրվում։

Իրանցի նախարարը գործարքի մանրամասները չի բացահայտել, չի մանրամասնել նաև, թե որ երկրին է Իրանը պատրաստվում մատակարարել ռուսաստանյան հեղուկ գազը։ Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման, ներմուծման հնարավորություններն էապես սահմանափակված են։ Անցած տարեվերջին, սակայն, Reuters-ը հայտնել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրանական նավթի ներմուծման ծավալը Չինաստան գերազանցել է 500 հազար բարելը` հասնելով ընդհանուր ներմուծման մոտ 6 տոկոսին։ Միաժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, իրանական նավթը Չինաստանին մատակարարվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, Օմանից և Մալայզիայից նավթի անվան տակ՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։
Իրանի նավթի նախարարն, իր հերթին, հայտնել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների հետ «շատ լավ պայմանավորվածությունների» ձեռքբերման մասին՝ գազի և նավթի հանքավայրերի զարգացման, նավթավերամշակման գործարանների կառուցման և էներգետիկ ոլորտում համատեղ այլ ծրագրերի շուրջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1149 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am