Ամեն ինչ կանեն, որպեսզի Լաչինի միջանցքով երթուղին անփոփոխ մնա. Փաշինյան
«Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Լաչինի միջանցքով Ղարաբաղ տանող երթուղին անփոփոխ մնա: Ղարաբաղի իշխանություններն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն արդեն աշխատանքային քննարկումներ են անցկացրել այս հարցի շուրջ: Այնուհետեւ նրանց կմիանան Հայաստանի ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, եռակողմ հայտարարությունները նախատեսում են, որ նման հարցերը չեն կարող լուծվել միակողմանի, այլ միայն կողմերի համաձայնությամբ: Հետեւաբար, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի առավելագույնս պահպանվեն Ղարաբաղի ժողովրդի շահերը: Իհարկե, զգուշություն նույնպես պետք է լինի, բայց պարզ է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի դա տեղի չունենա»,- Ազգային ժողովի նիստում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին: