Նռնաձորում ականի պայթյունից վիրավորված փրկարարների վիճակը ծանր չէ, ունեն մարմնի բեկորային վնասվածքներ
Սյունիքի մարզում այսօր՝ հունվարի 19-ին, որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից տուժած փրկարարները մարմնի տարբեր մասերի բեկորային վնասծքներ են ստացել։ Այս մասին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից։
«2 վիրավորներն էլ գիտակցություն ունեն, ծանր վիճակում չեն, նրանցից մեկը վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ Այս պահին նրանց Մեղրու բժշկական կենտրոնից տեղափոխում են Կապանի բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու»,- հայտնեցին լրատվական բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը։