Ողբերգական ավտովթարից հետո BMW-ի վարորդին փոխել էին. դատարանը իրական վարորդին ազատ է արձակել. տեսանյութ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Աբաջյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտովթարից հետո դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին մեկ այլ անձ է ներկայացել և հայտնել, որ BMW մակնիշի 68 ՍՍ 376 համարանիշի ավտոմեքենան ինքն է վարել, սակայն քննչական բաժինը ստացված տեղեկությունններով պարզել է, որ իրականում BMW-ն վարել է Ա. Աբաջյանը և նրա փոխարեն վարորդ է ներկայացել Երևանի բնակիչ, 23-ամյա Մխիթար Գրիգորյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը` դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը, որից հետո Ա. Աբաջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Mitsubishi Pajero io-ի վարորդ, Նոր Խարբերդ 27 փողոցի բնակիչ, 31-ամյա Հրանտ Եղոյանի մահվան փաստով: Վերջինս նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: